Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Ժամեր շարունակ, ձեռքս բռնած, նա հայտնում էր ինձ իր աստվածացման հասնող կրքոտ նվիրվածությունը։ Ինչո՞վ էի ես արժանացել այդ խոստովանությունները լսելու երանությանը։ Ինչո՞վ էի արժանացել դրանք լսելու պահին իմ սիրելիին կորցնելու անեծքին։ Անկարող եմ այլևս խոսել այդ մասին։ Կասեմ միայն, որ Լիգեյայի՝ սիրույն անձնատուր լինելու ավելի քան կանացի տենչանքի մեջ,— որին ես, ավա՞ղ, արժանի չէի,— ես վերջնականապես ճանաչեցի նրա անհագ ծարավը, նրա խելահեղ ձգտումը դեպի կյանքը, որն, ավա՜ղ, այդքան արագ լքում էր նրան։ Նրա այդ մոլի կարոտը՝ կյանքի, միայն կյանքի անզուսպ իղձն էր, որը ես անկարող եմ նկարագրել, որովհետև այն մարմնավորող բառերը գոյություն չունեն։

Մեռնելու օրը, կեսգիշերին, նա ինձ վճռաբար իր մոտ կանչեց և պատվիրեց կարդալ իր, դրանից մի քանի օր առաջ գրած բանաստեղծությունը։ Ես հնազանդվեցի։ Ահա այն.—

Հանդիսություն է սա պայծառ ու ճոխ

Գորշ առօրյայում անցավոր կյանքի.
Սերովբեները, դեմքներին սև քող,
Բեմին են նայում արտասուքն աչքին,
Բեմադրվում է այս գիշեր կրկին
Ողբերգությունը Հույսի ու Ահի.—
Համեմված ձայնով այն երգ֊նվագի,
Որ հասնում է մեզ երկնային գահից...

Միմոսներն, աստծո կերպարանք առած,
Տրտունջ֊մրմունջով մի ողորմելի,
Ճչում են, թռչում բեմում լուսառատ,
Տիկնիկների պես՝ ամրացված թելին,
Հլու ցանկությանն այն սև ուժերի,
Որոնք շարժում են բեմ, զարդ ու պատկեր,
Իրենց, գիշատիչ անգղի թևերից
Թափելով անտես չարիք֊փորձանքներ...

Խեղճ է պիեսն այս և զուրկ ճաշակից,
Բայց վստահ եղեք — չի մոռացվելու.—
Միմոսներն ընկած տեսիլքի ետքից
Չեն հասնում նրան ու չեն հասնելու,
Քանզի այս վազքի շրջագիծը մեղկ
Դեպի նույն կետն է ետ գալիս կրկին...

Խենթություն կա շատ. ավելի շատ՝ Մեղք,
Եվ Սարսափն է այս պիեսի ոգին...