Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց տես, մի վայրկյան խուժանը լռեց,
Քար կտրեց ահից ու զարհուրանքից.—
Արյան պես կարմիր, անճոռնի ու մեծ.
Մի որդ է սողում բեմի մութ խորքից.
Սողում է՝ արնոտ երախը բացած,
Խեղճ միմոսներին խժռում ու լափում...

Եվ սերովբեներն, ահից պապանձված,
Խավար դահլիճում արցունք են թափում։
Մարեցին բեմի վառ լույսերը, տես.
Արնոտ, գալարվող մսերի վրա
Սև վարագույրը, սև պատանքի պես,
Ւջնում է, ծածկում ոճիրը մռայլ,
Եվ սերովբեներն անդունդից մթան,
Հեգում են՝ ահա դեմքների վրա,
Թե «մարդ» է անունն այս ողբերգության,
Եվ հաղթող որդն է հերոսը նրա...


— Տե՜ր աստված,— բացականչեց Լիգեյան, անկողնուց ելնելով ու ձեռքերը վեր պարզելով,— Տե՜ր աստված, Հա՛յր մեր երկնային, մի՞թե միշտ նույն բանն է կրկնվելու, մի՞թե այդ հաղթողը երբեք չի հաղթվելու։ Չէ՞ որ մենք քո բաժինն ու մասնիկն ենք... Հիրավի, կամքի խորհուրդը և զորությունն անկարելի է ճանաչել։ Մարդ արարածը երբեք լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը։

Եվ, ասես վերջին ուժերը սպառելով այդ պոռթկման մեջ, նա ցած իջեցրեց իր սպիտակ ձեռքերն ու վեհորեն վերադարձավ մահվան մահիճը։ Վերջին շունչը փչելով, նա նորից ինչ֊որ բան շշնջաց, և ես, գլուխս նրա մոտ խոնարհելով, լսեցի Գլենվիլի նույն խոսքերը՝ «Մարդ արարածը լիովին անձնատուր չէր լինի ոչ հրեշտակներին, և ոչ էլ մահվանը, եթե չլիներ իր տկար կամքի անզորությունը»։

Նա մեռավ, և ես, վշտից խենթացած, չկարողացա այլևս դիմանալ Հռենոսի ափի այդ մռայլ ու խարխուլ քաղաքում գտնվող կացարանի մենությանը։ Ես իրավասու էի տնօրինել այն, ինչ աշխարհում հարստություն է կոչվում՝ Լիգեյան ինձ օժիտ էր բերել շատ ավելին, քան մահկանացուներին սովորաբար վիճակվում է ստանալ։ Մի քանի ամիս աննպատակ դեգերելուց հետո, ես սքանչելի Անգլիայի ամենախուլ ու ամայի շրջաններից մեկում գնեցի ու կարգի բերեցի մի վանատուն, որի անունն