Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մագլցած խաղողի հին թարմայով։ Բարձր կամարակապ առաստաղը մթնագույն կաղնու փայտից էր և ծածկված էր կես գոթական, կես դրուիդյան ոճի ցնորական խորաքանդակներով։ Այդ մռայլ ծածկի ճիշտ մեջտեղում երկար ոսկե օղակներով մի շղթայից կախված էր հագարական ոճի հսկայական ոսկյա բուրվառ, որի բազմաթիվ հնարագյուտ անցքերից անընդհատ դուրս էին սողում բազմագույն բոցերի օձաձև շիթերը։

Սենյակում մի քանի արևելյան բազմոցներ ու աշտանակներ կային, ինչպես նաև՝ հնդկական ոճի ցածր ու սևափայտ, դամ բանատիպ ամպհովանիով ամուսնական մի անկողնակալ։ Սենյակի հինգ անկյուններից ամեն մեկում պատերին հենած էին Լուքսորի արքայական դամբարաններից բերված գրանիտե հսկայական դագաղներ, որոնց կափարիչները ծածկված էին անհիշելի ժամանակներից մեզ հասած քանդակներով։ Բայց ամենից սոսկալին, ավաղ, պաստառներն էին, որոնք ծանր ծալքելով ծածկում էին սենյակի անհամաչափ բարձր պատերը, և նույն կտավից էին, ինչ որ գորգերը, բազմոցների և անկողնու ծածկոցները, ամպհովանին և պատուհանը կիսով չափ ծածկող մանր ու շքեղ վարագույրը։ Այդ կտավը ոսկյա թելերից էր հույսված և անկանոն ընդմիջումներով ծածկված էր սև թելերով ասեղնագործված մոտ մեկ ոտք տրամաչափով արաբանախշ պատկերներով։ Այդ պատկերներն իրենց իրական տեսքն էին ստանում միայն որոշակի դիրքից դիտելու դեպքում։ Մեր օրերում բավական տարածված և դեռևս հնադարում ծնունդ առած մի հնարքի օգնությամբ նրանց տեսքը պարբերաբար փոխվում էր։ Սենյակի սեմին կանգնած մարդու համար դրանք պարզապես գարշելի պատկերներ էին թվում, բայց ներս մտնելուն պես այդ պատկերները նրան շրջապատում էին նորմանների սնապաշտության կամ վանականի մեղսական երազների ծնունդ հիշեցնող զարհուրելի կերպարանքների անվերջ շարքերով։ Այդ ցնորատես տպավորությունն ավելի սաստկացնում էր պաստառների և պատերի միջև ստեղծված օդի արհեստական հոսանքը, որն ահարկու շարժում էր հաղորդում առանց այդ էլ նողկալի տեսարանին։

Ահա նման կացարանում, այդ առագաստում էր, որտեղ լեյդի Թրեմեյնի հետ ես, առանց սրտնեղելու, անցկացրի մեր պիղծ ամուսնության առաջին ամիսը։ Ես չէի կարող չնկատել, որ կինս խորշում էր իմ մռայլ պահվածքից, որ նա խուսափում