էր ինձնից և չէր սիրում ինձ, բայց այդ ամենն ինձ բնավ չէր վշտացնում, ավելի շուտ՝ ընդհակառակը։ Ավելի քան դիվային գարշանքով լցված՝ ես ատելով ատում էի նրան։ Իմ հիշողությունը վերականգնում էր (ինչպիսի՜ բուռն զղջումով) Լիգեյայի, հողին հանձնված իմ սիրելիի գեղեցկագույն, վսեմ կերպարը։ Ես ըմբոշխնում էի նրա մաքրության, իմաստության, նրա եթերային ու վեհ կերպարանքի և կրքոտ, աստվածացնող սիրո հիշողությունները։ Իմ հոգին նոր էր միայն բռնկվել ամենահաղթ ու անկաշկանդ այրուցքով, որը գերազանցում էր ժամանակին նույնիսկ Լիգեյային այրող հուրը։ Ափիոնի երազներով բորբոքված (ես դարձել էի այդ թմրադեղի իսկական գերին), ես բարձրաձայն կանչում էի նրան, լիներ դա գիշերվա լռության մեջ, թե ցերեկով, անտառի խուլ բացատներում. կարծես իմ անսանձ կարոտը, իմ ամենակուլ տենչանքը կարող էին ետ վերադարձնել նրան, ով այլևս,— մի՞թե, մի՞թե ընդմիշտ,— լքել էր երկրային կյանքի արահետները։
Մեր ամուսնության երկրորդ ամսվա սկզբին լեյդի Ռովենան հանկարծ հիվանդացավ, և ապաքինվեց շատ դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Նրա տենդը զրկեց նրան գիշերվա հանգստից, և զառանցագին երազների մեջ նա սկսեց պատմել սենյակը լցնող ինչ֊որ ձայների և շարժումների մասին։ Ես այդ ամենը համարում էի նրա խարխլված երևակայության կամ, թերևս, հենց սենյակի հարդարանքի ցնորական ազդեցության արդյունքը։ Ինչևէ, նա սկսեց ապաքինվել և շուտով վերջնականապես առողջացավ։ Սակայն շատ ժամանակ չանցած մի նոր, նախկինից ավելի անողոք ախտ նրան նորից գամեց տառապանքի անկողնուն, և նրա առանց այդ էլ վտիտ առողջությունը այլևս չդիմացավ այդ գրոհին։ Այդ օրվանից հիվանդությունը գնալով ավելի ահարկու, կրկնվող բնույթ ստացավ, մոլորության մեջ գցելով փորձված ու բանիմաց շատ բժիշկների։ Ես նկատեցի, որ Ռովենայի մնայուն ախտը, որն արդեն չափից ավելի սաստկացել էր սովորական մարդկային միջոցներով հաղթահարելու համար, զուգակցվում էր նյարդային աննախադեպ գրգռվածությամբ, որը տեղի էր տալիս անհիմն վախի ու երկյուղածության։ Նա նորից ու նորից անդրադառնում էր ինչ֊որ թույլ ձայների, պաստառների միջի ինչ֊որ անորոշ շարժմանը, որն ինձ արդեն նկարագրել էր։
Մի գիշեր, սեպտեմբերի վերջին, նա սկսեց սովորականից