սեփականությունն էր, և քանի որ նրան դուր չէր գալիս այն, թե ինչպես էր ոսկերիչը տնօրինում վերևի հարկը, նա ինքը բնակվեց այնտեղ և այլևս կենվոր չվերցրեց։ Պառավը մի քիչ մանկամիտ էր։ Այդ տարիների ընթացքում վկան մի հինգ֊վեց անգամ է տեսել դստերը։ Երկուսն էլ առանձնացած էին ապրում, ասում էին, թե նրանք պահած փող ունեն։ Վկան նաև լսել է, որ տիկինը բախտ է գուշակել, բայց դրան չի հավատում։ Տիկնոջից և իր դստերից բացի, տուն են մտել միայն բարապանը և մի ութ կամ տասն անգամ էլ բժիշկը։
Նույն բանն են վկայել համարյա բոլոր հարևանները։ Մադամ Լեպանեի տունը ոչ ոք չի հաճախել, ինչքան որ հայտնի է, նա ազգականներ կամ մտերիմ ծանոթներ չի ունեցել։ Փողոցի կողմի փեղկերը շատ հազվադեպ են բացվել, բակի կողմից բոլորը մեխված են, բացի հինգերորդ հարկի պատուհանից: Տունը բավական ամուր շինություն է և շատ հին չէ:
Իսիդոր Մյուզե, ոստիկան։ Վկայում է, որ իրեն կանչել են առավոտյան ժամը երեքին, և որ դռան մոտ երեսուն֊քառասուն հոգանոց ամբոխ է տեսել։ Դուռն առանց դժվարության ջարդել է հենց ինքը, քանի որ այն երկու փեղկ է ունեցել և վերևից ու ներքևից ամրացված չի եղել։ Դուռը բացվելուն պես ճիչերն ընդհատվել են։ Ճչացել են բարձր ու երկար, ասես մահամերձ վիճակում, բայց վկան դժվարանում է ասել, թե քանի հոգի։ Երկրորդ հարկ հասնելով՝ վիճաբանության բարձր ձայներ է լսել։ Խոսել են երկու հոգի, մեկը թավ, մյուսը ճղճղան ու շատ տարօրինակ ձայնով։ Թավ ձայնով ֆրանսիացի տղամարդ է խոսել, վկան տարբերել է sacré և diabie[1] բառերը: Ճղճղան ձայնի տերը օտարազգի է, վկան դժվարանում է ասել՝ կին, թե տղամարդ։ Հավանաբար իսպաներեն է խոսել, թեև վկան ոչինչ չի հասկացել։ Սենյակի և դիակների նկարագրությունը նույնն է, ինչ մեր երեկվա թողարկման մեջ տպագրվածը։
Անրի Դյուվալ, հարևան, մասնագիտությամբ՝ արծաթագործ։ Վկայում է, որ եղել է վեր բարձրացած առաջին խմբի մեջ։ Լիովին հաստատում է Մյուզեի ցուցմունքը։ Ներս մտնելուն պես դուռը փակել են, որպեսզի հետ պահեն, չնայած ուշ ժամին, արագ հավաքվող ամբոխը։ Կարծում է, որ ճղճղան ձայնով խոսողը իտալացի էր։ Համոզված է, որ ֆրանսիացի չէր: Չի կարող ասել,
- ↑ Նզովք, սատանան տանի (ֆր.)։