կար, բանալին վրան, իսկ կափարիչը բաց, բայց մեջը հին նամակներից ու անպետք թղթերից բացի ուրիշ բան չկար։
Տիկին Լեպանեն չկար: Ինչ֊որ մեկը նկատեց բուխարու միջի անսովոր մեծ մոխրակույտը, և ծխնելույզը հետազոտելով, հայտնաբերեց նրա մեջ բավական խորը գլխիվայր խցկած օրիորդ Կամիլայի դեռ տաք մարմինը։ Դիակի մաշկը շատ տեղերում քերթված էր, անկասկած՝ նեղ ծխնելույզը խցկելու և դուրս քաշելու հետևանքով։ Դեմքը ճանկռոտված էր, իսկ պարանոցին եղունգների հետքեր ու կապտուկներ կային, ասես մեկը փորձել էր նրան խեղդել։
Վերից վար տունը խուզարկելով և ուրիշ ոչինչ չգտնելով, բոլորն իջան տան սալապատ բակը, որտեղ հայտնաբերեցին ծեր տիկնոջ դիակը։ Նրա կոկորդն այնքան խորն էր կտրված, որ դիակը բարձրացնելու պահին գլուխը մարմնից անջատվեց։ Կնոջ դեմքը, և հատկապես մարմինն անճանաչելիորեն, անմարդկային ձևով այլանդակված էին։ Այս զարհուրելի հանցագործության մասին առայժմ ուրիշ ոչ մի բան հայտնի չէ։
Հաջորդ օրվա թերթում նոր մանրամասնություններ կային.
«Ողբերգություն Մորգ փողոցում։ Երեկվա դաժան ու սոսկալի ոճրագործության կապակցությամբ հարցաքննվել են մի շարք անձինք, բայց սպանության առեղծվածը դեռևս մնում է չլուծված: Ստորև տեղադրում ենք ամենից էական ցուցմունքները։
Պոլին Դյուբուր — վերջին երեք տարին լվացք է արել հանգուցյալ տիկնոջ համար։ Վկայում է, որ ծեր կնոջ և դստեր հարաբերությունները բավական ջերմ էին։ Լվացքի վարձը երբեք չեն ուշացրել։ Նրանց ապրելակերպի և նյութական միջոցների մասին ոչինչ չի կարող ասել: Ենթադրում է, որ տիկին Լեպանեն բախտ բացելով է վաստակել իր ապրուստը։ Լսել է, որ նա սև օրվա համար փող էր կուտակում։ Լվացքը ստանալիս և հանձնելիս տանը ոչ ոքի չի տեսել: Համոզված է, որ աղախին չեն պահել: Ինչքան որ գիտի, վերևի ննջարանը տան միակ կահավորված սենյակն է։
Պիեռ Մորո — ծխախոտավաճառ։ Արդեն չորս տարի է, ինչ տիկին Լեպանեին ծխախոտ էր վաճառում։ Ծնվել և ապրել նույն թաղամասում։ Հանգուցյալն ու իր դուստրը բնակվել են այդ տանը վեց տարուց ի վեր: Մինչ այդ այնտեղ մի ոսկերիչ էր ապրում, որը վարձով էր տալիս վերևի հարկը։ Տունը տիկին Լեպանեի