— Համեցեք,— ասաց Դյուպենը զվարթ ու սրտաբուխ ձայնով։
Ներս մտավ մի բարձրահասակ, թիկնեղ ու մկանուտ տղամարդ, որն անկասկած նավաստի էր։ Չնայած իր հանդուգն տեսքին, նա բավական հաճելի տպավորություն էր թողնում: Արևահարված դեմքի մեծ մասը ծածկում էր այտամորուսը և mustachio[1]֊ն։ Ձեռքին մի ծանր մահակ կար, բայց նա կարծես ուրիշ ոչ մի զենք չուներ։ Նա անվարժ գլուխ տվեց ու մեզ բարի երեկո մաղթեց։ Ֆրանսերեն խոսում էր թեթևակի նոֆշատելյան առոգանությամբ, բայց փարիզեցու պես մաքուր։
— Նստեցեք, բարեկամս,— առաջարկեց նրան Դյուպենը,— Դուք, իհարկե, կապկի համա՞ր եք եկել։ Անկեղծ ասած ես Ձեզ նախանձում եմ այդպիսի մի սքանչելի նմուշ ունենալու համար։ Երևի շատ թանկ արժի։ Ի՞նչ եք կարծում՝ նա քանի՞ տարեկան կլինի:
Նավաստին թեթևացած շունչ քաշեց ու պատասխանեց.
— Ճիշտն ասած, հաստատ չգիտեմ, բայց մի հինգ տարեկանից ավել չի լինի։ Իսկ որտե՞ղ եք նրան պահել։
— Տան մեջ հարմարություն չունենք, ստիպված թողել ենք Դյուբար փողոցի ախոռատանը, այստեղից հեռու չէ։ Առավոտյան կարող եք գնալ ու վերցնել։ Դուք, իհարկե, նրան կճանաչե՞ք։
— Ի՜նչ խոսք, պարոն։
— Ցավում եմ, որ պիտի բաժանվեմ նրանից։
— Անհո՛գ եղեք, մսյո,— հանգստացրեց նավաստին,— ես ևս հասկանում եմ։ Սիրով կհատուցեմ ձեր բոլոր ծախսերը, եթե, իհարկե, խելքին մոտ գումար ուզեք։
— Տեսնում եմ, որ օրինավոր մարդ եք,— ասաց բարեկամս,— մի տեսնեմ, թե ինչ եմ ձեզնից պահանջելու։ Ասենք ես ոչինչ էլ չեմ ուզի, եթե դուք պատմեք այն ամենը, ինչ գիտեք Մորգ փողոցի սպանությունների մասին։
Դյուպենը ձայնը չէր բարձրացրել և շատ հանգիստ էր խոսում։ Վերջին խոսքերն արտասանելիս նա մոտեցավ դռանը, փակեց այն ու բանալին դրեց գրպանը։ Ապա մյուս գրպանից հանեց ատրճանակը ու անվրդով դրեց սեղանին։
Նավաստու շունչը կտրվում էր, դեմքը խիստ կարմրել էր, նա կտրուկ ճանկեց մահակն ու վեր թռավ, բայց իսկույն անկամ
- ↑ Բեղեր (իտ.):