տեղն ընկավ, սաստիկ գունատվեց ու սկսեց սրթսրթալ: Նա ոչ մի բառ չարտասանեց։ Ես անկեղծորեն խղճում էի նրան:
— Իզուր եք վախենում, բարեկամս,— հանգստացրեց նրան Դյուպենը։— Ես ձեզ ազնիվ մարդու և ֆրանսիացու խոսք եմ տալիս, որ մենք ոչ մի վատ մտադրություն չունենք։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք սպանությանը չեք մասնակցել, թեև ինչ֊որ չափով կապված եք դրա հետ։ Ինչպես տեսնում եք, ես այդ գործի մասին սպառիչ տեղեկություններ ունեմ, և այն էլ այնպիսի մի աղբյուրից, որի գոյության մասին դուք անգամ չեք կասկածում։ Դուք ձեզ մեղադրելու ոչ մի առիթ չեք տվել։ Դուք տունը չեք թալանել, չնայած այդ անելու համար ունեցել եք ամեն մի հնարավորություն։ Դուք թաքցնելու ոչ մի բան կամ թաքնվելու համար ոչ մի առիթ չունեք։ Մյուս կողմից, ձեր խիղճը պարտավորեցնում է ձեզ պատմել այն ամենը, ինչ դուք գիտեք այդ ողբերգության մասին։ Սպանության կասկածն ընկած է մի անմեղ մարդու վրա, որն այժմ ձերբակալված է։ Դուք կարող եք նրան ազատել միայն իսկական հանցագործին բացահայտելով։
Նավաստին վերջապես ուշքի եկավ, բայց նրա երբեմնի հանդգնությունից նշույլ անգամ չէր մնացել։
— Աստվա՜ծ օգնական,— ասաց նա, մի փոքր լռեց ու շարունակեց։— Ես, իհարկե, չեմ կարծում, թե դուք կհավատաք իմ ամբողջ պատմությանը, բայց ես, միևնույնն է, ոչ մի մեղք չունեմ։ Ամեն ինչ կպատմեմ, թեկուզ ինձ դրա համար մահապատժի դատապարտեն։
Կարճ ասած՝ նավաստին պատմեց հետևյալը. վերջերս նրանց նավը խարիսխ էր գցել Հնդկական կղզիների ջրերում։ Մի խումբ նավաստիների հետ նա իջել էր Բոռնեո կղզում զբոսնելու։ Օրանգուտանին բռնել էր իր ընկերներից մեկի օգնությամբ, բայց ընկերը որոշ ժամանակ անց մեռել էր, և ինքը դառել էր կենդանու միակ տերը։ Կապիկին Փարիզ բերելիս նրա վայրենի խառնվածքի երեսից մեծ նեղություններ է կրել։ Տանը կենդանուն միշտ փակ տեղ է պահել, որպեսզի անտեղի չգրգռի հարևանների հարցասիրությունը։ Մտադիր է եղել կապիկին պահել այնքան, մինչև որ բուժվեր նրա՝ նավի վրա վիրավորված ոտքը, իսկ հետո վաճառել։
Մի քանի օր առաջ, ուրախ խնջույքից տուն գալով, հենց սպանության գիշերը, կամ, ավելի շուտ, առավոտը, նա կապիկին գտել է սեփական ննջասենյակում։ Պարզվել է, որ օրանգուտանը