մեր հրճված այցելուն,— Դյուպեն, դուք ինձ մի օր կսպանեք։
— Բայց և այնպես, ի՞նչ գործ է,— հարցրի ես։
— Հիմա կպատմեմ,— ասաց ոստիկանապետը։ Նա բազմոցի մեջ ավելի հարմար դիրք ընդունեց, ծխի երկար ու հարթ մի քուլա բաց թողեց ու շարունակեց.— Դեպքը կարելի է շարադրել երկու խոսքով, բայց պիտի զգուշացնեմ, որ այն խիստ գաղտնի է և ես պաշտոնս անկասկած կկորցնեմ, եթե իմացվի, որ ինչ֊որ բան բերանիցս թռցրել եմ։
— Շարունակեք,— խրախուսեցի ես։
— Կամ մի շարունակեք,— ասաց Դյուպենը։
— Այսպես ուրեմն, վերջերս արտակարգ բարձր ոլորտներից ինձ անձամբ հայտնեցին, որ արքայական հարկաբաժնից բացառիկ կարևորություն ունեցող մի փաստաթուղթ է հափշտակված։ Գողը հայտնի է, դրանում ոչ մի կասկած չկա, քանի որ տեսել են, թե ինչպես է նա փաստաթուղթը վերցրել։ Հայտնի է, նաև, որ փաստաթուղթը դեռևս գտնվում է նրա մոտ։
— Որտեղի՞ց է հայտնի,— ընդհատեց Դյուպենը։
— Դա հետևում է փաստաթղթի բնույթից և այն հետևանքների բացակայությունից, որոնք իսկույն հանդես կգային, եթե հափշտակիչն այն ձեռքից բաց թողներ, այսինքն եթե այն գործածած լիներ այնպես, ինչպես վաղ թե ուշ անկասկած պիտի գործածի։— Ոստիկանապետը պաշտում էր դիվանագիտական շաղակրատանքը։
— Պարզ խոսեք,— խնդրեցի ես։
— Դե լավ, համարձակվում եմ ասել, որ նա, ում ձեռքն ընկնի այդ փաստաթուղթը, որոշակի իշխանություն կունենա որոշակի ոլորտների վրա և այդ իշխանությունը պարզապես գին չի ունենա։
— Ես դեռ լավ չեմ հասկանում,— նկատեց Դյուպենը։
— Չե՞ք, հասկանում։ Լավ՝ եթե մի երրորդ անձնավորություն, որի անունն անհայտ կմնա, ստանա այդ փաստաթուղթը, ապա նրա իշխանության տակ կընկնի շատ բարձրաստիճան մի անհատ, որի պատիվն ու ապահովությունն այդպիսով վտանգի կենթարկվեն։
— Բայց չէ՞ որ այդ վտանգը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե գողն իմանա, որ կողոպտվածը գիտի, թե ով է փախցրել փաստաթուղթը։ Ո՞վ կհանդգներ...