— Գողը,— պատասխանեց Գ֊ն,— մինիստր Դ֊ն է, որի հանդգնությունը սահման չունի և որը չի խորշում տղամարդուն վայել և անվայել ցանկացած միջոցից։ Վերոհիշյալ փաստաթուղթը (ճիշտն ասած, դա մի նամակ է) կողոպտված տիկինը ստացել է, երբ բոլորովին մենակ գտնվել է արքայական զարդասենյակում։ Նամակն ընթերցելու պահին սենյակ է մտել այն վեհագույն անձնավորությունը, որից նա հատկապես կուզեր այն թաքցնել։ Նամակը հապճեպ թաքցնելու անհաջող մի փորձ անելով, նա ստիպված է եղել բաց վիճակում այն դնել սեղանի վրա։ Քանի որ հասցեն եղել է վերևի կողմը, և նամակի բովանդակությունն այդպիսով մնացել է քողարկված, ապա այն ուշադրություն չի գրավել։ Այդ պահին ներս է մտել մինիստր Դ֊ն։ Նրա սուր աչքն իսկույն նշմարել է նամակը, նա ճանաչել է հասցեի ձեռագիրը, նկատել հասցեատիրոջ շփոթմունքը և անմիջապես կռահել է նրա գաղտնիքը։ Համառոտ զեկուցելով գործերի մասին, նա գրպանից նույնատիպ մի նամակ է հանել, ձևացրել, թե կարդում է, և դրել է սեղանին, առաջինի կողքին։ Որից հետո ևս քառորդ ժամ զրուցել է պետական գործերի մասին։ Վերջապես հեռանալիս նա իր հետ է տարել նաև իրեն չպատկանող նամակը։ Նամակի օրինական տերը, սենյակում գտնվող երրորդ անձնավորության ներկայությամբ, չի համարձակվել միջամտել։ Մինիստրը հեռացել է, սեղանին թողնելով ոչ մի կարևորություն չունեցող իր անձնական նամակը։
— Ահա այն գործոնը,— դիմեց ինձ Դյուպենը,— որն ըստ ձեզ պակասում էր անհրաժեշտ իշխանությունն ապահովելու համար՝ հափշտակողը գիտի, որ կողոպտվածին հայտնի է, թե ով է գողը։
— Հենց այդ է, որ կա։ Ընդ որում վերջին ամիսների ընթացքում այդ իշխանությունն օգտագործվել է հանուն հեռու գնացող քաղաքական շահերի։
Տուժած անձնավորությունն օրեցօր ավելի է համոզվում, որ նամակն անհրաժեշտ է ետ ստանալ։ Հասկանալի է, որ հրապարակորեն այդ անելն անհնար է։ Եվ ահա, հույսը կորցրած, նա այդ գործն ինձ է հանձնել։
— Դժվար էր գտնել, կամ թեկուզ պատկերացնել ավելի բանիմաց ու սրատես մի օգնական։— Ծխի ամպերի միջից նկատեց Դյուլպենը։