Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացնելու հնարավորությունը նույնքան կարևոր է, ինչքան և ունենալու փաստը։

— Իսկույն ներկայացնելո՞ւ,— ասացի ես։

— Այսինքն՝ անհապաղ ոչնչացնելու,— բացատրեց Դյուպենը։

— Եթե այդպես է,— եզրակացրի էս,— ուրեմն նամակն, անկասկած, գտնվում է տանը։ Նա հազիվ թե այն իր հետ ման ածեր։

— Բացառվում է,— հաստատեց ոստիկանապետը,— փողոցում նրան երկու անգամ իբր թե թալանելու նպատակով իմ վերահսկողությամբ մի լավ խուզարկել են։

— Կարող էիք նեղություն չքաշել,— ասաց Դյուպենը,— ինչքան գիտեմ, Դ֊ն այնքան էլ հիմար մարդ չէ և պետք է որ կանխատեսած լիներ այդ հարձակումները։

— Այնքան էլ հիմար չէ,— պատասխանեց Գ֊ն,— բայց բանաստեղծ է, իսկ բանաստեղծը հիմարից քիչ բանով է տարբերվում։

— Չեմ վիճում,— ասաց Դյուպենը, ծխի երկար քուլա բաց թողնելով,— չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, ժամանակին ինքս էլ քիչ֊միչ գրմրել եմ։

— Միգուցե ավելի մանրամասն նկարագրեք, թե ինչպես եք փնտրել,— առաջարկեցի ես։

— Դե, ինչ ասեմ, մենք ժամանակ շատ ունեինք և փնտրեցինք բառացիորեն ամեն տեղ։ Չէ՞ որ նման գործերում ես մեծ փորձ ունեմ։ Խուզարկեցի ամբողջ տունը, սենյակ առ սենյակ, ամեն սենյակում մի ամբողջ շաբաթ գիշերներն աշխատելով։ Սկզբում մենք հետազոտեցինք սենյակների կահույքը։ Քրքրեցինք բոլոր դարակները. դուք երևի գիտեք, որ բանիմաց ոստիկանի համար «գաղտնի դարակ» ասվածը գոյություն չունի։ Պետք է առնվազն տխմար լինել, որպեսզի խուզարկության ժամանակ չնկատել գաղտնարանը, այստեղ ոչ մի դժվար բան չկա։ Չէ որ ցանկացած պահարան որոշակի ծավալ պիտի ունենա։ Բացի այդ, մենք բավական բծախնդիր կանոններ ունենք և այստեղ մեր աչքից մատնաչափ խորանն անգամ չէր սպրդի։ Պահարաններից հետո մենք զբաղվեցինք աթոռներով։ Երկար ու բարակ ասեղներով մենք տնտղեցինք բոլոր բարձիկները, դուք տեսել եք, թե ինչպես է այդ արվում։ Հետո հանեցինք բոլոր սեղանների վերևի մասը։