Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք հաճոյանում եք,— շոյվեց ոստիկանապետը,— թեև ես գիտեմ, որ ոմանք հենց այդպես էլ կարծում են։

— Բոլոր դեպքերում պարզ է,— ասացի ես,— որ նամակը դեռևս գտնվում է նախարարի մոտ, քանի որ այն պահելուց բացի, որևէ այլ կերպ գործածելու դեպքում նա իսկույն կկորցնի վերոհիշյալ իշխանությունը։

— Դուք իրավացի եք,— ասաց Գ֊ն,— և ես գործի անցա հենց այդ հետևությունից ելնելով։ Առաջին հերթին որոշեցի խուզարկել նրա առանձնատունը։ Հիմնական դժվարությունն այստեղ այն էր, որ այդ ամենը պիտի արվեր առանց նրա իմացության։ Ինձ հատկապես զգուշացրեցին, որ նախարարին խրտնեցնելու դեպքում մեծ անախորժություններ կառաջանան։

— Բայց չէ՞ որ դուք նման միջոցառումների քաջ գիտակ եք,— ասացի ես,— փարիզյան ոստիկանությունն առաջին անգամ չէ, որ այդպիսի գործ է ձեռնարկում։

— Անշուշտ, հույսս հենց դրա վրա էր։ Բացի այդ, նախարարի սովորույթները մեզ մեծ առավելություն էին տալիս։ Շատ հաճախ նա գիշերները տուն չի գալիս և շատ քիչ սպասավորներ ունի, որոնք ուրիշ տեղ են քնում և հեշտությամբ հարբում են, քանի որ մեծ մասամբ նեապոլիտանացի են։ Ինչպես գիտեք, իմ տրամադրության տակ եղած բանալիներով կարելի է բացել Փարիզում գտնվող ցանկացած սենյակ կամ արկղ։ Երեք ամիս անընդհատ ես համարյա ամեն գիշեր անձամբ խուզարկում էի Դ֊ի տունը։ Ավելորդ է ասել, որ դա ինձ համար պատվի հարց էր, և բացի այդ, մեր մեջ ասած, նամակի համար մի ահռելի գումար է խոստացված։ Այնպես որ, ես խուզարկությունն ընդհատեցի միայն այն ժամանակ, երբ վերջնականապես համոզվեցի, որ գողն ինձնից ավելի խորամանկ է։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք խուզարկել ենք այդ տան բոլոր հնարավոր ծակերն ու թաքստոցները, որտեղ կարելի է նամակ պահել։

— Իսկ հնարավո՞ր չէ արդյոք,— հարցրեցի ես,— որ, նամակը տնօրինելով հանդերձ, նա այն պահած լինի ոչ թե տանը, այլ մի ուրիշ տեղ։

— Հազիվ թե,— պատասխանեց Դյուպենը,— արքունիքի ներկայիս վիճակը և մանավանդ այն բանսարկությունները, որոնց նա, ինչպես հայտնի է, մասնակցում է, թելադրում են, որ նամակը պետք է միշտ նրա ձեռքի տակ լինի։ Այն իսկույն