Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նրա ճաշակով էր, որ առաջնորդվել էին դիմակահանդեսի հագուստներն ընտրելիս։ Հարկ չկա ասել, որ արդյունքը ցնորային էր– անուրջների փայլուն ու շքեղ մի աշխարհ, այն, ինչ հետագայում կարելի էր տեսնել «էրնանի»-ում։ Կային արտասովոր արարածներ, խեղանդամ ու տարօրինակ վերջույթներով, և ցավագարի զառանցանք հիշեցնող աներևակայելի տեսիլքներ։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ցոփ, արտառոց, տեղ-տեղ սարսռազդու, երբեմն նույնիսկ զզվանք պատճառող։ Ողջ դղյակում, գալարվելով ու պար գալով, անհամար ուրվականներ էին շրջում՝ ամեն դահլիճում նոր երանգ ու տեսք ստանալով։ Թվում էր, թե նույնիսկ պարահանդեսի անզուսպ նվագն արձագանքում էր նրանց վայրի ոտնաձայներին։ Բայց ահա վերստին զարկում էր սև թավշյա սրահում կանգնած ժամացույցը։ Ու նորից ամեն ինչ լռում էր, քանի դեռ հնչում էին նրա չարագուշակ զարկերը։ Եվ քարանում էին ուրվականները, չհանդգնելով շարժվել: Ւսկ երբ հեռվում, առաջին երկչոտ ու կիսաբերան ծիծաղների ուղեկցությամբ, մարում էին զարկերի վերջին արձագանքները, աշխուժացած ուրվականները վերսկսում էին ուրախ շուրջպարը, ամեն դահլիճում փոխելով իրենց գույնը աշտանակների սփռած լույսից։ Բայց ինչ էլ լիներ, ոչ ոք չէր հանդգնում ոտք դնել արևմտյան դահլիճ, մանավանդ որ գիշեր էր արդեն՝ սևաթույր պաստառներին ընկնող արնագույն լույսը ահարկու տպավորություն էր թողնում, իսկ սև գորգերի վրայով քայլողի համար հսկա ժամացույցի զարկերն ավելի սարսռազդու շեշտ էին ստանում:

Մնացած դահլիճներում, ուր անասելի եռուզեռ էր տիրում, խնջույքն ընթանում էր իր ամբողջ թափով: Բայց երբ հասավ կեսգիշերն ազդարարող ժամը, նորից, ինչպես միշտ, երաժշտությունն ընդհատվեց, պարողները կանգ առան, ու մի նոր, չարագուշակ լռություն տիրեց շուրջբոլորը։ Այս անգամ զարկերի թիվը տասներկուսն էր, և, հավանաբար, այդ երկար միջոցին էր, որ ներկաներից առավել խոհեմները մտածմունքի մեջ ընկան: Գուցե նաև այդ էր պատճառը, որ մինչ վերջին զարկի արձագանքը դանդաղ կընկղմվեր լռության մեջ, շատերն առիթ ունեցան նկատելու դիմակավոր մի նոր անձնավորության, որը մինչ այդ ոչ ոքի ուշադրությունը չէր գրավել։ Լուրն այդ մասին շշուկով տարածվեց շրջապատում,ծնելով զարմացական փսփսոցներ, դժգոհ փնթփնթոցներ, ապա նաև վրդովված