հետ, և ապա՝ որովհետև սխալ կամ բոլորովին չեն գնահատում վերջինիս բանականությունը։ Նրանք ելնում են խորամանկության սեփական չափանիշներից, և որևէ բան փնտրում են միայն այնտեղ, որտեղ իրենք կարող էին թաքցրած լինել։ Նրանք իրավացի են այնքանով, որ խորամանկության իրենց չափանիշներն իսկապես մեծամասնության պատկերացումների ճշգրիտ արտացոլումն են հանդիսանում, բայց եթե առանձին հանցագործի հնարամտությունն իր բնույթով դրանցից տարբերվում է, ապա նրանք մեծ մասամբ պարտվում են։ Սովորաբար այդպես է պատահում, երբ այն գերազանցում է, և բավական հաճախ՝ երբ այն զիջում է իրենց սեփական հնարամտությանը։ Նրանց սկզբունքը երբեք չի փոխվում, լավագույն դեպքում, եթե գործն անհապաղ է կամ պարգևը շատ մեծ, նրանք պարզապես բազմապատկում են իրենց գործնական ջանքերը, առանց սկզբունքները վերանայելու։ Վերցնենք, օրինակ, Դ֊ի գործը, չէ՞ որ նրանք սկզբից մինչև վերջ փնտրել են միայն մեկ ուղղությամբ։ Ի՞նչ օգուտ ծակծկելու, տնտղելու, թխկթխկացնելու, մանրադիտակով զննելու, համարակալելու և շատ ուրիշ ձանձրալի զբաղմունքների մեջ, երբ այդ ամենը միայն մեկ սկզբունքի չափազանցված դրսևորումն է, իսկ այդ սկզբունքն ընդամենը հիմնված է երկար տարիների փորձից խորամանկության մասին մեր ոստիկանապետի կազմած միակողմանի պատկերացման վրա։ Չէ՞ որ պարզ է, որ, ըստ նրա համոզման, բոլոր մարդիկ նամակը պետք է թաքցնեն եթե ոչ աթոռի հենակում, ապա մի որևէ աչքից հեռու անցքի մեջ, հետևելով մտքի այն նույն կաղապարին, ըստ որի սովորաբար հենց դիմում են աթոռի հենակին։ Դժվար չէ կռահել, որ նման recherchés[1] թաքստոցներին ապավինում են միայն շարքային բանականության տեր մարդիկ, և որ թաքցնելու այդ ձևը հեշտությամբ կարելի է կանխատեսել։ Այդպիսի դեպքերում հետաքննության հաջողությունը պայմանավորված է ոչ այնքան փնտրողի խորաթափանցությամբ, որքան համբերությամբ, ջանասիրությամբ և համառությամբ, և եթե գործը հույժ կարևոր է կամ, ինչ որ ոստիկանության համար միևնույն է, մեծ գումարի հարց կա, ապա վերը նշված հատկությունները երբեք տանուլ չեն տալիս։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչու ես ասացի, որ եթե նամակը գտնվեր
- ↑ Արտառոց (ֆր.)։