ոստիկանապետի որոնման ոլորտում, ապա այն անպայման կգտնվեր։ Մինչդեռ նա կատարյալ պարտություն կրեց, և դրա հիմնական պատճառը նրա այն ենթադրությունն էր, թե նախարարը հիմար է։ Բնազդաբար կռահելով, որ բոլոր հիմարները բանաստեղծ են, նա թյուրիմացաբար ենթադրել էր նաև, որ բոլոր բանաստեղծները հիմար են, թույլ տալով այդպիսով non distributio medii[1] սովորական սխալը։
— Բայց մի՞թե բանաստեղծը նախարա՛րն է,— հարցրեցի ես։— Ես կարծում էի, թե նրանք երկու եղբայր են, որոնցից ամեն մեկը հայտնի է տարբեր բնագավառներում գրած իր գործերով։ Նախարարը կարծեմ դիֆերենցիալ հաշվի վերաբերյալ մի մենագրություն ունի, նա մաթեմատիկոս է, ոչ թե բանաստեղծ։
— Դուք սխալվում եք,— նա և մե՛կն է, և մյո՛ւսը, ես նրան լավ գիտեմ։ Միևնույն ժամանակ բանաստեղծ և մաթեմատիկոս լինելու շնորհիվ նա բացառիկ լավ է դատում։ Եթե նա միայն մաթեմատիկոս լիներ, ապա բոլորովին չէր կարողանա դատել և անձնատուր կլիներ ոստիկանապետին։
— Դուք ինձ զարմացնում եք,— ասացի ես,— մի՞թե ուզում եք ժխտել այն դարավոր համոզմունքը, ըստ որի մաթեմատիկական դատողությունը միշտ այդպիսին է համարվել par excellence։
— Il y a à parier,— պատասխանեց Դյուպենը, մեջբերելով Շամֆորին,— que toute idée publique, toute convention reçue, est une sottise, car ellea convenu au plus grand nombre»[2]։ Համաձայն եմ, որ մաթեմատիկոսները շատ բանով են նպաստել ձեր նշած մոլորության տարածմանը, բայց դրանից այն չի դադարել մոլորություն լինել։ Ավելի ազնիվ կիրառության արժանի եռանդով նրանք անալիզ բառը ներմուծել են հանրահաշվի մեջ։ Դա, իհարկե, ֆրանսիացիների մեղքն է, բայց եթե տերմինը գործածությունից որոշակի իմաստ է ստանում, ապա «անալիզը» նույնքան հանրահաշիվ է նշանակում,