Քանի որ ճանապարհին ինձ բազմաթիվ անկյուններ էին պատահել, ուստի իմ բանտախցի ձևը հնարավոր չէր ստույգ որոշել (թեև դեռ համոզված էի, որ դամբարան եմ նետված)։
Ես որևէ նպատակ, կամ առավել ևս հույս չունեի, բայց աղոտ մի հետաքրքրություն ինձ ստիպում էր շարունակել զնդանի ուսումնասիրությունը։ Թողնելով պատը, որոշեցի անցնել զնդանի կենտրոնով։ Սկզբում շատ զգույշ էի քայլում, որովհետև հատակը սաստիկ լպրծուն էր, բայց հետո սիրտ առա և սկսեցի ավելի համարձակ քայլել, աշխատելով ինչքան կարելի է ուղիղ գնալ։ Հազիվ էի մի տասը քայլ արել, երբ շապիկիս պատռված փեշն ընկավ ոտքիս տակ, և ես երեսնիվայր փռվեցի գետնին։
Ընկնելու պահին ես չէի նկատել մի արտասովոր հանգամանք, որը քիչ անց գրավեց իմ ուշադրությունը։ Բանն այն է, որ իմ կզակը հենվում էր գետնին, մինչդեռ բերանս, քիթս և ճակատս ոչ մի բանի չէին հպվում, չնայած գտնվում էին նույն մակարդակի վրա։ Բացի այդ, դեմքս ողողվում էր ինչ֊որ թանձր գոլորշիով, որը բորբոսի հոտ ուներ։ Ձեռքս պարզելով, սարսափած հասկացա, որ պառկած եմ կլոր մի հորի եզրին, որի խորությունն այդ պահին անհնար էր որոշել։ Ինձ հաջողվեց հորի պատը շոշափելով մի փոքրիկ խիճ պոկել և ցած նետել։ Մի քանի վայրկյան քարն անընդհատ կտկտացնելով դիպչում էր հորի պատերին, հետո հնչեղ ճողփյունով մխրճվեց ջուրը։ Այդ նույն պահին վերևից մի ձայն լսվեց, ասես մեկը արագ բացեց ու փակեց ինչ-որ դուռ, և խավարի մեջ լույսի մի նեղ շերտ փայլատակեց։
Ես նոր միայն հասկացա, թե ինչ բախտ էր ինձ վիճակված, և փառք տվի պատահարին, որն այդպես տեղին փրկեց ինձ։ Եվս մի քայլ, և ես հաշիվներս փակած կլինեի այս կյանքի հետ։ Ես մազապուրծ եղա հենց այն մահից, որի մասին պատմություններն առաջ զրպարտություն ու հերյուրանք էի համարում հավատաքննության հանդեպ։ Նրա զոհերը մեռնում էին կամ մարմնական սոսկալի խոշտանգումներից, և կամ էլ՝ բարոյական դժոխային տանջանքների ենթարկվելով... Այս վերջինը, երևի, վիճակված էր նաև ինձ։ Երկար չարչարանքներից ջղերս բոլորովին քայքայվել էին՝ ես արդեն ցնցվում էի նույնիսկ իմ սեփական ձայնից և ամեն տեսակետից հարմար թեկնածու էի դարձել ինձ սպասող կտտանքների համար։