Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարմնովս մեկ դողալով, ես ետ սողացի, նախընտրելով մեռնել պատի տակ, քան այդ սարսափելի հորում։ Ինձ արդեն թվում էր, թե զնդանի ամեն մի անկյունում մի հոր կա։ Եթե չլիներ իմ այդ հոգեվիճակը, ես գուցե սիրտ առնեի միանգամից վերջ տալ այդ ողորմելի դրությանը, նետվելով անդունդներից մեկը։ Բայց այժմ ես շատ էի ահաբեկված, բացի այդ, հիշում էի այն ամենը, ինչ կարդացել էի այդ հորերի մասին՝ ավա՜ղ, դեռ ոչ ոքի չէր հաջողվել այնտեղ արագ ու անմիջապես մեռնել։

Հուզմունքից ես երկար չէի կարողանում քնել, բայց, վերջիվերջո, մի քիչ նիրհեցի։ Երբ արթնացա, տեսա, որ կողքիս առաջվա պես մի կտոր հաց ու մի կուժ ջուր կա դրված։ Ես ծարավից մեռնում էի և մի կումով դատարկեցի ամբողջ կուժը։ Հավանաբար ջրի մեջ քնաբեր դեղ էին խառնել, որովհետև խմելուն պես ես իսկույն մի տեսակ թմրեցի և շուտով խոր քուն մտա։ Չգիտեմ, թե ինչքան տևեց այդ մահանման քունը, բայց երբ արթնացա, շրջապատիս առարկաներն արդեն երևում էին։ Չգիտես որտեղից հայտնված տարօրինակ ֆոսֆորային լույսի տակ ես հնարավորություն ստացա մանրամասն ուսումնասիրել իմ զնդանը։

Պարզվեց, որ պատերի երկարությունը որոշելիս ես մեծապես սխալվել էի։ Նրանց ընդհանուր երկարությունը քսանհինգ յարդից չէր անցնում, և այդ փաստն ինձ շփոթմունքի մեջ գցեց, չնայած նման սոսկալի հանգամանքներում այդ մասին հոգալն առնվազն անմտություն էր։ Բայց իմ բորբոքված միտքն այժմ կառչում էր ամեն մի մանրուքից, և ես համառորեն ճգնում էի հասկանալ, թե ինչումն է իմ սխալը։ Վերջապես, բավական ժամանակ անց, հանկարծ գլխի ընկա, որ հիսուներկու քայլ հաշվելուց և ընկնելուց հետո, ես ճանապարհը շարունակել էի... հակառակ ուղղությամբ, այնպես որ, սենյակի իրական շրջագիծը փաստորեն կրկնապատկվել էր։ Շփոթմունքի մեջ ընկած ես չէի նկատել, որ սկզբում ձախ կողմում գտնվող պատը վերջում հայտնվել էր իմ աջ կողմում։ Զնդանի ձևը որոշելիս ես նույնպես սխալվել էի։ Մթության մեջ խարխափելով, ես պատերի մեջ բազմաթիվ անկյուններ էի շոշափել և եզրակացրել էի, թե իմ զնդանն անկանոն ձև ունի։ Ահա թե ինչպես է խավարն աղճատում խոր քնից դեռևս ուշքի չեկած մարդու զգայությունները։ Պարզվեց, որ այդ անկյուններն ընդամենը աննշան ելուստներ ու փոսեր են եղել, և զնդանն իրականում քառանկյուն ձև ունի։