Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Շուրջս նայելով, ես ամաչում եմ նախկին սարսափներիս համար։ Եթե առաջ ես սոսկում էի մեզ խարսխից պոկած քամուց, ապա ինչ անեմ հիմա, օվկիանոսի ու քամու այս կատաղի մենամարտի պահին, որը նկարագրելու համար մրրիկ և սամում բառերը թերի են և պարզունակ։ Չորս կողմս անփրփուր ջրի քաոս է, իսկ հեռվում, մոտ մի մղոն հեռավորության վրա, երկու կողմից ժամանակ առ ժամանակ աղոտ առկայծում են սառցե, հսկայական լեռները, որոնք ասես տիեզերքի պատերը լինեն։

* * *

Նավը, ինչպես և ես կարծում էի, ակներևաբար հոսանքի մեջ է ընկել, եթե, իհարկե, այդպես կարելի է անվանել մի հեղեղ, .որը ոռնալով ու դղրդալով փշրում է սառույցները և վիթխարի ջրվեժի շռնդյունով սուրում դեպի հարավ։

* * *

Անհնար է վերապատմել իմ ապրած սարսափը, սակայն այս տարօրինակ վայրերի գաղտնիքը կորզելու տենչը գերիշխում է իմ հուսահատության վրա, և ես պատրաստ եմ համակերպվել նույնիսկ ամենից սոսկալի մահվան մտքի հետ։ Անկասկած, մենք կանգնած ենք մի ցնցող հայտնության, մի մեծ գաղտնիքի սեմին, որին տիրանալը հավասարազոր է մահվան։ Բացառված չէ, որ այս հոսանքը մեզ հենց հարավային բևեռ է տանում։ Պետք է խոստովանել, որ շատ բաներ այս վայրենի թվացող ենթադրության օգտին են խոսում։

* * *

Նավաստիներն անհանգիստ քայլերով չափչփում են տախտակամածը, բայց նրանց դեմքին ավելի շուտ հույս և անհամբերություն կա, քան անհոգություն կամ հուսահատություն։ Քամին առաջվա պես ետևից է փչում, և քանի որ կայմերին առագաստների մի ամբողջ բազմություն է ձգված, մենք երբեմն տառացիորեն սավառնում ենք օդում։ Որպեսզի՜ ահ ու սարսա՜փ...