Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր նավը պիտի որ ստորջրյա բացառիկ ուժեղ հոսանքի ազդեցության տակ լինի ընկած...

* * *

Ես նավապետին դեմ առ դեմ ելա հենց իր խցիկում, բայց, ինչպես և ակնկալվում էր, նա ինձ պարզապես չնկատեց։ Բանից անտեղյակ մարդը նրա մեջ ոչ մի արտառոց, սովորական մարդուն խորթ բան չէր տեսնի, բայց ես նրան նայում էի անընդդիմանալի վախի, ակնածանքի ու զարմանքի խառը զգացումով: Նա համարյա իմ հասակին էր՝ մոտ հինգ ոտք և ութ մատնաչափ, ամրակազմ էր, բայց ոչ հաղթանդամ, ոչ էլ տկար։ Նավապետի դեմքին կարծես դրոշմված էր նրա անհաշվելի տարիքը վկայող մի զարմանալի, շեշտված, աչքի զարկող արտահայտություն. հենց այդ դրոշմն էր, որ անմեկնելի մի զգացում էր արթնացրել իմ հոգում։ Նրա ճակատին, թեև այն առանձնապես կնճռոտ չէր, ասես բյուրավոր տարիներ էին ծանրացել, նրա ճերմակ մազերը կարծես անցյալի տարեգրությունը լինեին, իսկ գորշ աչքերը՝ ապագայի բախտագուշակներ... Սենյակի հատակին կիտված էին մետաղե փականներով բազմաթիվ հնատիպ գրքեր, գիտական մաշված գործիքներ ու վաղուց մոռացված ժամանակների ծովային քարտեզներ: Նավապետը նստած էր գլուխը ձեռքերին հենած և անհանգիստ վառվռուն աչքերով ինչ-որ փաստաթուղթ էր կարդում, հավանորեն պաշտոնական, համենայն դեպս, նրա վրա երևում էր տիրակալի կնիքը։ Ամբարում իմ տեսած նավաստու նման նա քթի տակ ինչ-որ անհասկանալի բաներ էր փնթփնթում, և չնայած ես ճիշտ նրա կողքին էի, նրա ձայնն ինձ հասնում էր ասես մեկ մղոն հեռավորությունից։

* * *

Ամբողջ նավը ներծծված է Հնության ոգով։ Նավաստիները թափառում են տախտակամածի վրա այնպես, ասես անցած դարերի ոգիներ լինեն, իսկ երբ մարտական լապտերների պայծառ լույսի տակ նրանցից մեկի ստվերն ընկնում է իմ առջև, մարմնովս սոսկալի սարսուռ է անցնում, չնայած ամբողջ իմ կյանքում հնությունների առևտրով եմ զբաղվել և այնքան եմ ներծծված Բաալբեկի, Թադմորի և Պերսեպոլիսի խարխուլ սյուների պատկերներով, որ հոգիս ինքը փլատակ է դարձել: