Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու հինավուրց ծառերի փտող բներին։ Ընկճված հոգուս վիճակը թերևս համեմատվեր միայն թմրամոլի սթափվելու տանջալից պահին, երբ անուրջների երկրից նա վերադառնում է դառը իրականության գիրկը, հանկարծ կորցնելով անճոռնի և աշխարհը քողարկող թափանցիկ շղարշը։ Կուրծքս սառել էր սրտամաշ, մղկտացող մորմոքից, մտքերս գորշ էին ու անխինդ, երևակայությունս անկարող էր նրանց ավելի վսեմ ընթացք տալ։ «Բայց ի՞նչը»,— մտածում էի ես,– «ի՞նչն է ինձ այդքան է ընկճել Աշըրի տան մեջ»։ Այդ առեղծվածը լուծում չուներ։ Ես այլևս անկարող էի կողմնորոշվել ուղեղս ողողած աղոտ պատկերների մշուշում։ Որևէ գոհացուցիչ պատասխան չգտնելով, ստիպված եղա բավարարվել այն ենթադրությամբ, որ չնայած բնության սովորական տարրերի որոշ զուգադրություններ անվիճելիորեն օժտված են ներգործման նման զորությամբ, այդ զորության ըմբռնումը դուրս է մնում մեր հայեցողության սահմաններից։ «Գուցե»,— մտածեցի ես,— պարզապես վերադասավորելով տեսարանի մանրամասները, փոխելով առանձին տարրերի դիրքը, հնարավոր լիներ մեղմացնե՞լ կամ բոլորովի՞ն վերացնել չարագուշակ այդ տպավորությունը։ Միտքս ստուգելու համար ձին քշեցի շինության առջև ընկած մռայլատես լճակի զառիթափ ափի մոտ։ Բայց ցած նայելով, իսկույն երկյուղած ետ քաշվեցի, սև ջրերի անվրդով հայելում տեսնելով քստմնելի թփուտների, կնճռոտ արմատների ու պատուհանների խոռոչների շրջված ու վերաձևված, սակայն նախկինից սոսկալի պատկերը։

Բայց և այնպես ես մտադիր էի մի երկու շաբաթով իջևանել այդ մռայլ տանը։ Կալվածքի տերը՝ Ռոդրիք Աշըրը, մանկության մոտիկ ընկերներիցս մեկն էր, բայց մեր վերջին հանդիպումից արդեն երկար տարիներ էին անցել։ Եվ ահա վերջապես ես նրանից թախանձագին մի նամակ էի ստացել, որից անձնական տեսակցության անհրաժեշտությունն էր բխում։ Ձեռագիրը վկայում էր ընկերոջս խռովահույզ վիճակը։ Նա գրում էր դաժան մարմնական ախտի, հոգեկան խանգարման մասին և հույս ուներ, որ իր լավագույն և հիրավի միակ ընկերոջ ներկայությունը որոշ չափով կթեթևացնի իր տանջանքները։ Նամակի ոճն ու ակներև սրտագին երանգները ստիպեցին ինձ անհապաղ ճամփա ընկնել, հետևելով դեռևս բավական տարօրինակ այդ հրավերին։