Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չնայած մանկության մեր սերտ ընկերությանը, ես քիչ բան գիտեի Աշըրի մասին։ Նա իրեն սովորաբար չափազանց զուսպ էր պահում։ Այնուհանդերձ ես գիտեի, որ նա շատ հին մի տոհմից էր սերում։ Այդ տոհմի անդամներն անհիշելի ժամանակներից ճանաչված էին իրենց խառնվածքի հատուկ զգայունությամբ։ Դարերի ընթացքում դա դրսևորվել էր արվեստի բազում նրբաճաշակ գործերում, իսկ ավելի ուշ երևան եկել նրանց շռայլ, բայց ոչ պարտավորիչ մեկենասության և երաժշտության՝ ավելի շուտ նրա բարդությունների, քան մատչելի հաճույքների հանդեպ ունեցած սիրո մեջ։ Ինձ հայտնի էր նաև, որ բավական հին լինելով հանդերձ, Աշըրների ցեղը որևէ քիչ թե շատ կենսունակ ճյուղավորում չէր տվել, և որ հազվադեպ ու կարճատև բացառությունները չհաշված, նրա բոլոր անդամները ուղիղ գծով էին սերում։ Խորհելով շինության և նրա բնակիչների զարմանալի նմանության, և մեկի դարերի ընթացքում մյուսի վրա թողած հնարավոր ազդեցության մասին, ես եզրակացրի, որ կողմնակի ճյուղի պակասը, այսինքն հորից որդուն տոհմանվան ու ապարանքի մշտական անցումը բերել էր թերևս դրանց նույնացմանը։ Ապարանքի նախկին անունը իր տեղը զիջել էր «Աշըրի տուն» տարօրինակ ու երկիմաստ անվանմանը, որը տեղի բնակիչների մոտ արդեն նշանակում էր և տոհմը, և տունը։

Արդեն ասել եմ, որ լճակի մեջ նայելու բավական միամիտ իմ փորձը միայն սաստկացրեց նախնական սարսափելի տպավորությանը։ Այն գիտակցությունը, որ սնահավատությունս (ինչո՞ւ չօգտագործեմ այս բառը) արագ աճում է, անկասկած ավելի զարկ տվեց այդ աճին։ Այսպիսին է, ես վաղուց էի համոզվել դրանում, սարսափը որպես հիմք ունեցող բոլոր զգացմունքների անբացատրելի օրենքը։ Եվ դրանով միայն կարելի էր բացատրել այն պատրանքը, որը ստեղծվեց ինձ մոտ, երբ ես նորից նայեցի տանը։ Պատրանքը պարզապես ծիծաղելի էր և արժանի չէր հիշատակման, եթե չվկայեր վրաս ծանրացած տպավորությունների ուժգնության մասին։ Ես պատկերացրի, որ ամբողջ ապարանքն իր շրջակայքով պարուրված է ուրույն մի մթնոլորտով, որը կապ չունի մնացած օդի հետ, այլ ծագում է քայքայվող ծառերից, գորշ պատերից ու անխռով լճակից՝ հազիվ նշմարելի խորհրդավոր մի մթնոլորտ — ծանր, մածուցիկ ու վարակիչ։

Թոթափելով հոգուցս այն, ինչ անկասկած մղձավանջ պիտի