Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր ցրելով սևահողը։ Ֆրանսիացի ճարտարագետը, նկատելով այդ անշնորհքությունը, մազերը փետեց և ինքն սկսեց թնդանոթները նշան բռնել, առանց ուշք դարձնելու, որ կոզակներն անընդհատ տեղում և թափում էին գնդակներ:

Տարասը դեռ հեռվից տեսավ, որ Նեզամայկովյան և Ստերլիկիվի ողջ կուրենների գլխին փորձանք է գալիս և բարձրաձայն բղավեց. «Իսկույն դուրս ելեք սայլերի հետևից և հեծեք ձիերը»։ Բայց կոզակները չէին կարող ոչ սայլերի հետևից դուրս գալ և ոչ ձիերը հեծնել, եթե Օստապը չզարկեր ճիշտ մեջտեղին. վեց թնդանոթի պատրույգը հանեց և միայն չորսի պատրույգը չկարողացավ դուրս քաշել, որովհետև լեհացիները նրան ետ մղեցին։ Իսկ այդ միջոցին օտարերկրացի կապիտանն ինքն իր ձեռքով առավ պատրույգը, որպեսզի արձակի ամենամեծ թնդանոթը, որի նմանը կոզակները մինչ այդ չէին տեսել։ Նա սոսկալի էր նայում իր լայն երախով և հազար-հազար մահ նայում էին նրա երախից: Եվ երբ նա որոտաց, իսկ նրա հետևից մյուս երեքը, և չորս անգամ խուլ պատասխանով ցնցվեց գետինը,— մեծ վիշտ պատճառեցին նրանք։ Անթիվ կոզակների համար լաց կլինեն նրանց ծեր մայրերը, իրենց ոսկրոտ ձեռքերով ծեծելով զառամյալ կուրծքը. շատ կանայք այրի կմնան Գլուխովում, Նեմիրովում, Չեռնիգովում և այլ ուրիշ քաղաքներում։ Սրտակից սիրելին ամեն օր կվազի շուկա, կբռնի բոլոր անցորդներին, կնայի նրանցից յուրաքանչյուրի աչքերին՝ չկա՞ արդյոք նրանց մեջ նրանցից ամենասիրելին, սակայն քաղաքի միջով անհամար զորք կանցնի, և նրանց մեջ հավիտյան չի լինի նրանցից ամենասիրելին։

Նեզամայկովյան կուրենի կեսը կարծես թե չէր եղել։ Ինչպես կարկուտը հանկարծ ջարդում է ամբողջ արտը, որտեղ, ինչպես ծանր ոսկին, ծփում էին հասկերը, այնպես էլ նրանք ջարդվեցին և գետին ընկան։

Ինչպե՜ս հարձակվեցին կոզակները, ինչպե՜ս բոլորն իրար անցան, ինչպե՜ս բռնկվեց կուրենի ատաման Կուկուբենկոն, տեսնելով, որ չկա իր կուրենի լավագույն կեսը… Միանգամից նա, մյուս նեզամայկովցիների հետ միասին, զարկեց ճիշտ մեջտեղին, զայրույթից կաղամբի նման փրթեց առաջին հանդիպածին, շատ ձիավորների ձիերից գլորեց, նիզակահար