լեհացիները թռան նրանց գլխի վրայով։ Իսկ այդ ժամանակ կորսունցիները, որոնք սայլերի մոտ հետիններն էին, տեսնելով, որ հրազենի գնդակը կհասնի, միանգամից կրակ բացին հրազեններից։ Լեհացիները շփոթվեցին և իրար անցան, իսկ կոզակներն աշխուժացան։ «Ահա և մեր հաղթանակը», ամեն կողմից լսվեցին զապորոժցիների ձայները, հնչեցին փողերը և բարձրացրին հաղթական դրոշակները։ Պարտված լեհերը փախչում և թաքնվում էին ամեն տեղ։ «Ո՛չ, ո՛չ, հաղթանակը դեռ կատարյալ չէ»,— ասաց Տարասը, նայելով քաղաքի պարիսպներին։ Եվ դա ճշմարիտ էր։
Դարբասները բացվեցին, և այնտեղից դուրս ելավ հուսարների զորագունդը, բոլոր ձիավոր գնդերի պարծանքը։ Բոլորը հեծել էին միատեսակ թուխ նժույգներ։ Ամենից առաջ սլանում էր մի դյուցազն՝ ամենքից ժիր և ամենքից գեղեցկատեսիլ։ Նրա պղնձե գդակի տակից ծփում էին թուխ մազերը, ծածանվում էր թևին կապած թանկագին շարֆը, որ ասեղնագործել էին ամենաչքնաղ գեղեցկուհու մատները։ Տարասը շվարեց, երբ տեսավ, որ այդ դյուցազնը Անդրին էր։ Իսկ այդ ժամանակ նա, բորբոքված ռազմի ավյունով ու կրակով, թևին կապած ընծային արժանի լինելու կրքով սլացավ ինչպես արագավազ և ջահել շուն, որ ոհմակի մեջ ամենագեղեցիկն էր, ամենից ջահելը և արագոտնը։ Փորձված որսորդը քըս տվեց, և նա սլացավ, օդի մեջ ուղղաձիգ ձգելով ոտքերը, մի կողքի վրա թեքված, ձյուն շպրտելով և իր վազքի եռանդից տասն անգամ առաջ տալով նապաստակին։ Ծերունի Տարասը կանգ առավ և դիտեց, թե ինչպես է նա մաքրում ճանապարհը, քշում, կոտորում և աջ ու ձախ հարվածներ տեղում։ Չհամբերեց Տարասը և գոռաց. «Ո՞նց թե, քո ազգակիցների՞ն, քո ազգակիցների՞ն ես կոտորում, սատանի ձագ…»: Բայց Անդրին չէր ջոկում, թե ո՛վ է նրա առաջ՝ յուրայիննե՞ր, թե օտարներ։ Նա ոչինչ չէր տեսնում։ Նա տեսնում էր միայն գանգուրներ, գանգուրներ, երկա՜ր-երկար գանգուրներ, և՛ գետի կարապի պես սպիտակ կուրծք, և՛ ձյունաթույր պարանոց, և՛ ուսեր, և՛ այն ամենը, ինչ ստեղծված է խելահեղ համբույրների համար։
«Հե՜յ, կտրիճներ, նրան քաշեք դեպի անտառը, դուք նրան միայն քաշեք անտառը»,– բղավեց Տարասը։