Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա ամբողջ սերը, բոլոր զգացմունքները, այն ամենը, ինչ որ կնոջ մոտ նուրբ է և կրքոտ, այդ ամենը նրա մեջ դարձավ միայն մայրական սեր։ Նա սաստիկ տապով, խանդով և արցունքն աչքերին պտտվում էր իր երեխաների շուրջը, ինչպես տափաստանի ուրուրը։ Նրա զավակներին, նրա սիրելի զավակներին առնում են նրանից, տանում են, որպեսզի երբեք այլևս մայրը նրանց չտեսնի։ Ո՞վ գիտե, գուցե առաջին ճակատամարտում թաթարը կտրի նրանց գլուխները, և մայրը չպիտի գիտենա, թե որտեղ են նրանց դեն գցած մարմինները, որոնց կտցահարելով կքրքրի ճանապարհի գիշատիչ թռչունը, և որոնց ամեն մի կաթիլ արյան համար մայրը կտար իր ամբողջ կյանքը և իրեն։ Արտասվելով, նա նայում էր նրանց աչքերին, որոնց ամենակարող քունն արդեն սկսել էր փակել, և մտածում էր՝ գուցե թե Բուլբան զարթնի և մի երկու օրով հետաձգի ճանապարհ ընկնելը։ Նա շատ էր խմել և գուցե դրանից էր շուտ ճանապարհվելու միտքը։

Երկնի բարձունքից լուսինն արդեն լուսավորել էր քնած մարդկանցով լի ամբողջ բակը, ուռիների խիտ խմբերը և բարձր մոլախոտը, որի մեջ ընկղմվել էր բակը շրջապատող ցանկապատը։ Իսկ մայրը դեռ նստել էր իր սիրելի զավակների գլխավերևը, ոչ մի րոպե աչքը նրանցից չէր հեռացնում և չէր մտածում քնի մասին։ Արդեն ձիերը, զգալով լուսաբացը, պառկել էին խոտի վրա և այլևս չէին ուտում։ Ուռենու վերի տերևներն սկսեցին սոսափել և տակավ առ տակավ սոսափի հոսանքը ճյուղերի վրայով իջավ մինչև ներքև։ Մինչև լույս նա նստեց, ամենևին չհոգնելով, և ներքուստ կամենում էր, որպեսզի գիշերը տևի որքան կարելի է ավելի։ Դաշտից լսվեց որձաձիու զնգուն վրնջոցը։ Երկնքի վրա պայծառ փայլեցին կարմրագույն շերտերը։ Բուլբան հանկարծ զարթնեց և վեր թռավ։ Նա շատ լավ հիշում էր այն ամենը, ինչ որ կարգադրել էր երեկ։

«Դե, տղերք, հերիք քնեք… Ժամանակն է, վե՛ր կացեք։ Ձիերը ջրե՛ք։ Իսկ որտեղ է պառավը (նա սովորաբար այդպես էր կոչում կնոջը)։ Դե շուտ արա՛, պառավ, ուտելու բան պատրաստի։ Երկար ճանապարհ ենք գնալու»։

Խեղճ պառավը, վերջին հույսը կտրած, տրտում քարշ