Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ դեպի տուն։ Մինչդեռ նա արտասվելով պատրաստում էր նախաճաշը, Բուլբան արձակում էր իր հրամանները, գոմի ներսը դես ու դեն էր ընկնում և իր որդիների համար ինքն էր ընտրում ամենալավ սարքը։ Բուրսակները միանգամից կերպարանափոխվեցին։ Նախկին կեղտոտ կոշիկների փոխարեն նրանք հագան կարմիր սեկե կոշիկներ՝ արծաթյա պայտերով, շալվարներ՝ Սև ծովի լայնությամբ, հազար ծալքերով ու փոթերով, և ոսկե խոնջանով ձիգ կապեցին։ Խոնջանից կախված էին երկար փոկեր՝ ծոպերով և չիբուխի այլ զանգուլակներով։ Կրակի նման վառ, ալ կարմիր մահուդե կոզակինի վրայից կապեցին ծաղկանկար գոտի, տաճկական քանդակազարդ փշտովները խրեցին գոտու մեջ. կախ ընկած թուրը զրնգում էր՝ դիպչելով ոտքին։ Նրանց դեռ քիչ արևառ դեմքերը, կարծես, ավելի սպիտակեցին և գեղեցկացան, նորածիլ սև բեղերը այժմ, կարծես, ավելի էին ցոլացնում նրանց դեմքերի սպիտակը և երիտասարդության առողջ ու զորեղ գույնը։ Նրանք աննման էին՝ ծայրը ոսկի, սև մորթե գդակներով։ Թշվառ մայրը, երբ նրանց տեսավ, մի խոսք անգամ չկարողացավ ասել, և արցունքները սառեցին նրա աչքերում։

«Դե, տղերք, ամեն ինչ պատրաստ է։ Պետք չէ ուշանալ, – ասաց վերջապես Բուլբան։ – Այժմ, որպես վայել է քրիստոնյաների սովորության, ճանապարհ ընկնելուց առաջ բոլորը պիտի նստեն»։ Բոլորը նստեցին, ներառյալ և սպասավորները, որոնք դռների մոտ պատկառանքով կանգնել էին։

«Այժմ, մա՛յր, օրհնիր քո զավակներին, — ասաց Բուլբան։ — Աղոթիր աստծուն, որ նրանք քաջի նման կռվեն, միշտ պաշտպանեն ասպետական պատիվը, Քրիստոսի հավատի պահապան լինեն, ապա թե ոչ, լավ է թող իսպառ կորչեն, որպեսզի աշխարհի երեսին նրանց հետքը չմնա։ Երեխաներ, մոտեցեք ձեր մորը։ Մայրական աղոթքը փրկարար է ջրի վրա և ցամաքի վրա»։ Մայրը, անզոր ինչպես մայր, գրկեց նրանց, հանեց տիրամոր երկու պատկեր և հեկեկալով կախեց նրանց վզերից։ «Թող պահապան լինի ձեզ տիրամայրը․․․ իմ զավակներ, չմոռանաք ձեր մորը․․․ Ձեր մասին լուր կուղարկեք․․․» — և այլևս չկարողացավ խոսել։

«Դե գնանք, տղերք», — ասաց Բուլբան։