առաջ մթնեց: Մի ակնթարթ նրա աչքին իրար խառնվեցին գլուխներ, նիզակներ, մուխ, բոցերի փայլատակում, ճղներ՝ ծառերի տերևներով, որ ցոլացին հենց նրա աչքերի առաջ։ Եվ նա գետին ընկավ, ինչպես կտրած կաղնին։ Եվ մշուշ իջավ նրա աչքերին:
«Էս ի՜նչ երկար եմ քնել», - ասաց Բուլբան, զարթնելով ինչպես հարբածի խորունկ քնից և ջանալով ճանաչել շրջապատի առարկաները: Մի սոսկալի թուլություն էր պատել նրա մարմնի անդամներին։ Նրա աչքի առաջ հազիվ էին աղոտ ցոլանում անծանոթ խրճիթի պատերը և անկյունները։ Վերջապես, նա նկատեց, որ իր դիմաց նստած է Տովկաչը, որն ականջը կախել էր նրա շնչառությանը։
«Այո,— ինքն իրեն մտածեց Տովկաչը, — դու կարող էիր և հավիտյան քնել», — բայց ոչինչ չասաց, մատով սաստեց և նշան արեց, որ նա լռի։
«Դե, մի ասա տեսնեմ, որտե՞ղ եմ ես այժմ»,— նորից հարցրեց Տարասը, միտքը լարեց, ջանալով հիշել այն, ինչ պատահել էր։
«Լռի՛ր, ասում եմ,– խստությամբ նրա վրա բղավեց ընկերը: — Էլ ի՞նչ ես ուզում իմանալ, մի՞թե չես տեսնում, որ կտոր-կտոր են արել քեզ։ Երկու շաբաթ է, որ մենք առանց շունչ քաշելու սլանում ենք միասին, և երկու շաբաթ է, որ տաքության և զառանցանքի մեջ գլխիցդ դուրս ես տալիս: Ահա աոաջին անգամ հանդարտ քնեցիր։ Լռի՛ր, եթե ինքդ չես ուզում գլխիդ փորձանք բերել»։
Բայց Տարասը միտքն ավելի էր լարում և ուժ անում վերհիշելու այն ամենը, ինչ եղել էր։ «Չէ՞ որ լեհացիներն ինձ շրջապատել էին և համարյա արդեն բռնել էին, ախր ես ոչ մի հնարավորություն չունեի դուրս պրծնելու նրանց բազմության միջից»։
«Լռի’ր, քեզ ասում են, սատանի ձագ,— զայրացած բղավեց Տովկաչը, ինչպես համբերությունը հատած դայակը կբղավի չարաճճի երեխայի վրա։ Քեզ ի՞նչ օգուտ, եթե իմանաս, թե ոնց դուրս պրծար. հերիք է, որ դուրս ես պրծել: