Եղան մարդիկ, որոնք քեզ անպաշտպան չթողեցին,— և հերիք է քեզ: Դեռ շատ գիշերներ միասին պիտի ճանապարհ գնանք: Դու կարծում ես, որ քեզ հասարակ կոզակի տե՞ղ են դրել: Ո՛չ, քո գլուխը նրանք գնահատել են երկու հազար ոսկի»:
«Իսկ Օստա՞պը»,— հանկարծ բղավեց Տարասը, ուժ արեց վեր բարձրանալու և հանկարծ հիշեց, թե ինչպես իր աչքերի առաջ բռնեցին և կապոտեցին Օստապին, և որ նա այժմ լեհացիների ձեռքում է: Եվ վիշտը պատեց ալեհեր հորը։ Նա պոկեց և քանդեց բոլոր վերքերի կապերը, հեռու շպրտեց, ուզեց բարձրաձայն ինչ-որ բան ասել և դրա փոխարեն սկսեց անկապ և անիմաստ խոսել, տաքությունը և զառանցանքը նորից հաղթեցին նրան, և ծայր առան անմիտ, անկապ և խելացնոր խոսքերը։ Իսկ այդ ժամանակ նրա հավատարիմ ընկերը նրա առաջ կանգնած հայհոյում էր և հանդիմանում, ասելով նախատինքի ծանր, անհաշիվ խոսքեր։ Վերջապես, նա բռնեց նրա ոտքերն ու ձեռքերը, բարուրեց ինչպես երեխային, շտկեց բոլոր վիրակապերը, փաթաթեց նրան եզան կաշու մեջ, դրեց կաղապարի մեջ և, պարաններով կապելով թամքին, նորից նրա հետ ճանապարհ ընկավ։
«Որ մեռած էլ լինես, քեզ տեղ կհասցնեմ, չեմ թողնի, որ լեհացիք ծաղրուծանակեն քո կոզակի խևությունը, կտոր-կտոր անեն քո մարմինը և ջուրը գցեն։ Եթե արծիվը պիտի քո աչքերը հանի, մեր տափաստանի արծիվը և ոչ թե լեհացիների, ոչ էլ այն արծիվը, որ թռչում է մեր կողմը լեհացիների երկրից։ Թեկուզ անկենդան, բայց միենույն է, ես քեզ կհասցնեմ Ուկրաինա»։
Այդպես էր ասում հավատարիմ ընկերը։ Գիշեր-ցերեկ առանց հանգստի նա քշեց ձին և անզգա վիճակում նրան հասցրեց Զապորոժիեի Սեչը։ Այնտեղ նա անխոնջ սկսեց նրան բժշկել զանազան խոտերով և թրջոցներով, գտավ մի ջհուդի գիտուն կին, որը մի ամիս նրան խմեցրեց զանազան դեղեր, և վերջապես Տարասն սկսեց կազդուրվել։ Դեղերի՞ցն էր, թե նրա երկաթյա ուժը հաղթեց, և նա մեկուկես ամսից հետո ոտքի ելավ, վերքերը լավացան և միայն թրով զարկած վերքերի սպիներն էին վկայում, թե մի ժամանակ որքան խոր են վիրավորել ալեհեր կոզակին։ Սակայն նկատելի էր,