Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վարշա՞վ, ո՞նց թե Վարշավ»,— ասաց Յանկելը: Զարմանքից նրա հոնքերը և ուսերը վեր քաշվեցին։

«Էլ ոչ մի խոսք ինձ մի՛ ասա։ Վարշավ տար ինձ։ Ի՛նչ էլ որ լինի, ես ուզում եմ մի անգա՛մ էլ նրան տեսնել, թեկուզ մի խոսք ասել նրան»։

«Ու՞մ ասել մի խոսք»։

«Նրան, Օստապին, իմ որդուն»։

«Մի՞թե պանը չի լսել, որ արդեն…»։

«Գիտեմ, բոլորը գիտեմ, իմ գլխի համար տալիս են երկու հազար ոսկի։ Այդ հիմարները լավ են հասկացել գլխիս գինը։ Ես քեզ հինգ հազար կտամ։ Առ քեզ երկու հազարը հիմա (Բուլբան կաշվե քսակից թափեց երկու հազար ոսկի), իսկ մնացածը՝ երբ վերադառնամ»։

Ջհուդն իսկույն առավ երեսսրբիչը և ոսկիները ծածկեց։

«Ա՞յ, ինչ լավ փող է, ինչ արդար փող է,— ասաց նա, մի ոսկի խաղացնելով մատների մեջ և ատամի տակ փորձելով։— Ես կարծեմ, այն մաըդը, որից պանը խլել է այսպիսի լավ ոսկիներ, մի ժամ էլ չի ապրել այս աշխարհում, իսկույն գնացել է գետը և գետում խեղդվել է՝ այսքան լավ ոսկիներից հետո»։

«Ես քեզ չէի խնդրի։ Գուցե ես ինքս Վարշավի ճանապարհը գտնեի, բայց անիծյալ լեհերը կարող են ինձ պատահմամբ ճանաչել և բռնել, որովհետև ես այնքան էլ հնարագետ չեմ։ Իսկ դուք՝ ջհուդներդ, հենց այդպիսի բաների համար եք ստեղծված։ Դուք սատանային էլ կխաբեք, դուք ամեն ծակուծուկ գիտեք։ Ահա թե ինչու եմ ես քեզ մոտ եկել։ Մեկ էլ Վարշավում ինքս իմ գլխու բան չեմ կարող անել։ Դե շուտ սայլակդ լծիր և ինձ տար»։

«Իսկ պահը կարծում է, թե ես՝ հենց այնպես մատակ ձին կլծեմ և կասեմ՝ դե հայդա՜… Պանը կարծում է, թե ինչպես որ կա, հենց այդպես, առանց թաքցնելո՞ւ պիտի տանեմ նրան»։

«Դե, թաքցրու, թաքցրու, ինչպես ուզում ես, գուցե դատարկ տակառի մեջ մտնեմ»։

«Ա՛յ, ա՛յ, և պանը կարծում է, թե նրան կարելի է թաքցնել դատարկ տակառի մեջ։ Պանը մի՞թե չգիտե, որ տեսնողը կմտածի, որ տակառի մեջ արաղ է»։