Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
XI

Այն ժամանակ, երբ տեղի էր ունենամ նկարագրած դեպքը, սահմանամերձ վայրերում դեռ չկային մաքսատան պաշտոնյաներ և ձիավոր պահակներ,— ձեռներեց մարդկանց այդ ահ ու սարսափը,— ուստի և յուրաքանչյուր ոք ինչ ուզեր կարող էր փոխադրել: Իսկ եթե որևէ մեկը խուզարկում ու զննում էր, ապա այդ նա անում էր մեծ մասամբ իր հաճույքի համար, մանավանդ, եթե սայլի վրա տեսնում էր աչքի համար գրավիչ բաներ և եթե նրա սեփական բազուկն ուներ բավական կշիռ և ծանրություն: Բայց աղյուսի սիրահարներ չկային, և Յանկելի սայլակն անարգել ներս մտավ քաղաքի մայր դռներից։ Իր նեղ վանդակի մեջ Բուլբան կարողանում էր միայն լսել աղմուկ, սայլապանների աղաղակները և ուրիշ ոչինչ: Յանկելը, սնգսնգալով, իր կարճահասակ և փոշոտված վարգունի վրա մի քանի պտույտներ անելով, շուռ եկավ մի մութ և նեղ փողոց, որ կոչվում էր Կեղտոտ փողոց, միաժամանակ և Ջհուդի փողոց, որովհետև, իրոք, Վարշավայի բոլոր ծայրերից այդտեղ էին հավաքվել ջհուդները։ Այդ փողոցը շատ նման էր փոր ու փսորը բաց արած մի կեղտոտ բակի: Արևը, կարծես, երբեք չէր թափանցում այդտեղ։ Իսպառ մրոտված փայտաշեն տները` պատուհաններից ձգված բազմաթիվ ձողերի հետ ավելի էին թանձրացնում խավարը: Հազիվ երբեմն նրանց մեջ կարմրին էր տալիս աղյուսե մի պատ, բայց նա էլ արդեն շատ տեղերում բոլորովին սևացել էր: Երբեմն միայն վերևում պատի ծեփած մի անկյունն արևի տակ շողում էր աչքի համար անտանելի սպիտակությամբ: Այստեղ ամեն ինչ կազմված էր խիստ ծայրահեղություններից` ծխնելույզի խողովակներ, փալասներ, կճեպներ, դեն գցած կոտրած կարասներ։ Ով մի անպետք բան ուներ, գցում էր փողոց` անցորդներին ընծայելով կարելի հարմարություններ այդ անպետք բաներով պարարելու իր բոլոր զգացումները: Ձիու վրա նստած հեծվորը կարող էր փողոցի վրայով ձեռքը հասցնել մի տնից մյուսը ձգած ձողերին, որոնց վրա կախել էին ջհուդի գուլպաներ, կարճ վարտիքներ և ծխահար սագ: Երբեմն մի բավական սիրուն դեմք, մթագնած ուլունքներով զարդարուն, նայում էր խունացած պատու–