«Ո՛չ, անկարելի է»,— ասաց մլուս ջհուդը։
Երեք ջհուդներն էլ իրար երեսի նայեցին։
«Իսկ եթե փորձե՞նք,— ասաց երրորդը, երկյուղած նայելով երկուսին։— Գուցե աստված հաջողի»։
Երեք ջհուդները խոսեցին գերմաներեն։ Բուլբան, որքան էլ ուշադիր նայեց, ոչինչ գլխի չընկավ։ Նա միայն լսեց հաճախակի կրկնվող մի բառ «Մարդոխայ», և ուրիշ ոչինչ:
«Լսի՛ր, պան,— ասաց Յանկելը,— հարկավոր է խորհրդակցել այնպիսի մի մարդու հետ, որի նմանն աշխարհում դեռ չի եղել։ Է՜, նա այնպիսի իմաստուն է, ինչպիսին Սողոմոնն էր, և եթե նա ոչինչ չանի, ուրեմն աշխարհում էլ ոչ ոք չի անի։ Դու նստիր այստեղ, ահա բանալին, և ոչ ոքի ներս չթողնես»։ Զհուդները փողոց դուրս եկան։
Տարասը դուռը կողպեց և փոքրիկ լուսամուտից նայեց ջհուդի այդ կեղտոտ պողոտային։ Երեք ջհուդները կանգնեցին փողոցի մեջտեղը և սկսեցին բավական մոլեգին խոսել։ Շուտով նրանց միացավ և չորրորդը, վերջապես և հինգերորդը։ Նա լսեց նորից կրկնվող «Մարդոխայ, Մարդոխայ» բառերը: Ջհուդներն անդադար նայում էին փողոցի մի կողմը։ Վերջապես փողոցի ծայրում, մի խարխուլ տնակի հետևից, ջհուդի մաշիկ հագած մի ոտք երևաց, և աչքի ընկան բաճկոնի փեշերը։ «Ա՜յ, Մարդոխայը, Մարդոխայը», միաբերան բղավեցին բոլոր ջհուդները։ Մի նիհար ջհուդ, Յանկելից մի քիչ կարճահասակ, բայց կնճիռներով ավելի պատած, վերին վիթխարի շրթունքով, մոտեցավ անհամբեր բազմությանը, և բոլոր ջհուդները, իրար բերանից խոսք խլելով, շտապեցին նրան պատմել, ըստ որում Մարդոխայը մի քանի անգամ նայեց փոքրիկ լուսամուտին, և Տարասը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին է։ Մարդոխայը թափահարում էր ձեռքերը, լսում էր, ընդհատում էր խոսքը, հաճախակի թքում էր մի կողմի վրա և բաճկոնի փեշերը բարձրացնելով, ձեռքը կոխում էր գրպանը և հանում ինչ-որ չխկչխկան բաներ, և այդ ժամանակ երևում էր նրա խիստ անպիտան վարտիքը։ Վերջապես, բոլոր ջհուդներն այնպիսի ճիչ-աղաղակ բարձրացրին, որ պահապան կանգնած ջհուդն ստիպված էր լռելու նշան տալ, և Տարասն արդեն սկսեց անհանգստանալ իր անվտանգության համար, սակայն մտաբերելով, որ ջհուդները բացի փողոցից ուրիշ տեղ