խորհուրդ անել չեն կարող, և որ նրանց լեզուն ինքը սատանան չի հասկանա, հանգստացավ։
Երկու րոպե անց ջհուդները միասին մտան նրա սենյակը։ Մարդոխայը մոտեցավ Տարասին, զարկեց նրա ուսին և ասաց. «Եթե մենք և աստված կամենանք մի բան անել, այն ժամանակ կկատարվի, ինչպես պետքն է»։
Տարասը նայեց այդ Սողոմոնին, որի նմանն աշխարհում դեռ չի եղել, և մի քիչ հուսադրվեց։ Հիրավի, նրա կերպարանքը կարող էր որոշ վստահություն ներշնչել, նրա վերին շրթունքը մի կատարյալ զարհուրանք էր։ Այդ շրթունքի հաստությունն ավելացել էր անկասկած կողմնակի պատճառներից։ Այդ Սողոմոնի մորուքն ուներ միայն տասնհինգ մազ և այն էլ ձախ կողմը։ Սողոմոնի դեմքի վրա իր խիզախության համար կերած ծեծի այնքան նշաններ կային, որ նա անկասկած վաղուց արդեն մոռացել էր նրանց հաշիվը և վարժվել էր ընդունելու որպես ի ծնե բծեր։
Մարդոխայը հեռացավ իր ընկերների հետ, որոնք զարմացել էին նրա իմաստության վրա։ Բուլբան մենակ մնաց։ Նա մի տարօրինակ և արտասովոր վիճակի մեջ էր. իր կյանքում առաջին անգամ նա անհանգստություն զգաց։ Նրա հոգին տենդային դրության մեջ էր։ Նա առաջվա աննկուն, աներեր և ամրակուռ կաղնին չէր. նա փոքրոգի էր, այժմ նա անզոր էր։ Նա ցնցվում էր յուրաքանչյուր շշուկից և ամեն մի ջհուդի կերպարանքից, որ երևում էր փողոցի ծայրում։ Վերջապես նա ամբողջ օրը սպասեց այդ վիճակի մեջ. չէր ուտում, չէր խմում, և նրա աչքերը ոչ մի ակնթարթ չէին բաժանվում փողոցի վրա նայող փոքրիկ լուսամուտից։ Վերջապես արդեն ուշ երեկոյան երևացին Մարդոխայը և Յանկելը։ Տարասի սիրտը նվաղեց։
«Ինչպե՞ս է, հաջո՞ղ է»— հարցրեց նա վայրի նժույգի անհամբերությամբ։
Բայց նախքան ջհուդները շունչ կառնեին պատասխանելու, Տարասը նկատեց, որ այլևս չկար Մարդոխայի վերջին խոպոպը, որ թեև անշնորհք, բայց այնուամենայնիվ, օղակ-օղակ ոլորվում էր նրա թասակի տակից։ Նկատելի էր, որ նա ուզում էր մի բան ասել, բայց այնպիսի անպիտան բաներ դուրս տվեց, որ Տարասը ոչինչ չհասկացավ։ Ինքը` Յանկելը