Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ջհու՛դ, վե՛ր կաց և տար քո կոմսի զգեստը»:

Մի ակնթարթում նա հագնվեց, սևացրեց բեղերը, հոնքերը, կատարին դրեց փոքրիկ թուխ գլխարկը, և ամենամոտիկ կոզակներից անգամ ոչ ոք չէր կարող նրան ճանաչել: Արտաքին տեսքով նա երեսուն տարեկանից ավելի չէր։ Նրա այտերի վրա խաղում էր առույգ կարմիրը, և նույնիսկ սպիները դեմքին տալիս էին մի ինչ-որ հրամայական բան։ Ոսկեզարդ զգեստը շատ էր սազում նրան:

Բոյոր փողոցները դեռ քնի մեջ էին։ Քաղաքում դեռ չէր երևում և ոչ մի շահախնդիր արարած՝ կողովը ձեռքին է Բուլբան և Յանկելը մոտեցան մի շենքի, որ ուներ նստած արագիլի տեսք։ Այդ մի ցածր, լայն, վիթխարի և մրոտված շենք էր, որի մի կողմից, արագիլի վզի նման, ցցվել էր երկար ու նեղ աշտարակը, որի գլխին տնկված էր տանիքի կտորը։ Այդ շենքը բազմաթիվ և բազմատեսակ նպատակի էր ծառայում։ Այդտեղ և՛ զորանոցներն էին, և՛ բանտը, և՛ նույնիսկ քրեական դատարանը։ Մեր ուղևորները դարբասով ներս մտան ընդարձակ դահլիճ կամ ծածկված բակ։ Մոտ հազար մարդ միատեղ քնած էին։ Ուղիղ դեմուդեմը մի ցածրիկ դուռ էր, որի առջև նստած պահակներն ինչ-որ խաղ էին խաղում, խաղն այն էր, որ մեկը երկու մատով խփում էր մյուսի ափին։ Նրանք եկվորների վրա ուշադրություն չդարձրին և գլուխները շրջեցին միայն այն ժամանակ, երբ Յանկելն ասաց.

«Այդ մենք ենք, լսո՞ւմ եք, պաներ, մենք ենք»։

«Ներս մտեք»,— ասաց նրանցից մեկը, մի ձեռքով բանալով դուռը, իսկ մյուսը մեկնելով ընկերոջը, որպեսզի վերջինս մատներով զարկի։

Նրանք մտան մի նեղ և խավար միջանցք, որով հասան նույնպիսի մի դահլիճի, որ վերևից փոքրիկ լուսամուտներ ուներ։

«Ո՞վ է գալիս,– գոռացին մի քանիսը, և Տարասը տեսավ բավական թվով սպառազինված մարդկանց։– Մեզ հրամայված է ոչ ոքի ներս չթողնել»։

«Այդ մենք ենք,– բղավեց Յանկելը։ —Աստված վկա, մենք ենք, պայծառ պաներ»։ Բայց ոչ ոք լսել չկամեցավ։ Բարերախտաբար այդ ժամանակ մոտեցավ մի հաստափոր