մարդ, որ բոլոր նշաններից երևում էր` պետք է պետը լիներ, որովհետև ամենքից ավելի թունդ էր հայհոյում:
«Պան, այդ մենք ենք։ Դուք արդեն մեզ ճանաչում եք, և պան կոմսը ձեզ դեռ շնորհակալ կլինի»:
«Թողեք անցնե՛ն, սատանայի մորը հազար դև… Եվ էլ ուրիշ ոչ ոքի չթողնեք։ Մեկ էլ ոչ ոք թուրը դես չգցի և շան նման գետնին չթազնեք…»:
Մեր ուղևորներն այլևս չլսեցին պերճախոս հրամանի շարունակությունը։
«Այդ մենք ենք… այդ ես եմ… մերոնք են»,— ասում էր Յանկելը, որևէ մեկին հանդիպելիս:
«Հը՞, կարելի՞ է հիմա»,— հարցրեց նա պահակներից մեկին, երբ վերջապես նրանք հասան այն տեղը, ուր արդեն վերջանում էր միջանցքը:
«Կարելի է, միայն չգիտեմ, ձեզ կթողնե՞ն բանտի ներսը: Այժմ Ցանը չկա, նրա փոխարեն ուրիշն է»,— պատասխանեց պահակը:
«Վա՜յ, վա՜յ,— հանդարտ շշնջաց ջհուդը: — Այդ վատ եղավ, սիրելի պան»:
«Տա՛ր»,— համառությամբ պատասխանեց Տարասը: Ջհուդը հնազանդվեց:
Զնդանի դռների առաջ, որոնք դեպի վեր սրածայր էին, կանգնել էր երեք ծալքանի բեղերով մի հայդուկ: Բեղերի վերին ծալքը դեպի ետ էր դնում, երկրորդը ցցվել էր առաջ, իսկ երրորդը` ներքև, այնպես որ հայդուկը շատ նման էր կատվի:
Ջհուդը երեքտակ գունդ ու կծիկ եղավ հայդուկի առաջ և համարյա կողքի վրա մոտեցավ նրան:
«Ձերդ պայծառափայլություն, պայծառափայլ պան»:
«Ջհուդ, դու ի՞նձ ես ասում»:
«Զեզ, պայծառափայլ պան»:
«Հըմ… իսկ ես միայն հայդուկ եմ»,– ասաց եռածալ բեղավորը, ուրախացած աչքերով:
«Իսկ ես, աստված վկա, կարծեցի, թե հենց ինքը վոևոդն է։ Ա՛յ, ա՛յ ա՛…– ջհուդն այդ խոսքի վրա գլուխը ոլորեց և չռեց մատները.– Փա՜հ, ի՞նչ երևելի տեսք է: Աստված վկա, գնդապետ է. իսկական գնդապետ։ Ա՛յ, եթե միայն մի մատ ավելացնեն, արդեն գնդապետ է: Հարկավոր է, որ պանը նստի