Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոստումով, նրանք գիտեին արդեն, թե ինչ ասել է լեհացու երդում։ Եվ Պոտոցկին, նստած իր վեց հազար ոսկի արժող նժույգի վրա, այլևս սիգափայլ չէր շքեղանա, գրավելով անվանի պաննաների հայացքները և ազնվականների նախանձը, նա չէր աղմկի սեյմում, սենատորների համար փառահեղ խրախճանք սարքելով, եթե նրան չփրկեր այդ փոքրիկ ավանում եղած ռուս հոգևորականությունը։ Երբ կոզակներին դիմավորելու դուրս եկան բոլոր քահանաները՝ պայծառ և ոսկեկար շուրջառներով, խաչով և խաչվառներով, և առջևից՝ ինքը եպիսկոպոսը, հովվական խույրը գլխին և խաչը ձեռքին, բոլոր կոզակները խոնարհեցին գլուխները և գդակները հանեցին։ Այն ժամանակ նրանք թագավորից ցածր և ոչ ոքի չէին խնայի, սակայն չհամարձակվեցին ընդդիմանալ իրենց քրիստոնյա եկեղեցուն և հարգեցին իրենց հոգևոր հայրերին։ Հեթմանը զորապետների հետ միասին համաձայն եղավ ազատ արձակելու, Պոտոցկուն, նրանից երդմամբ խոստում առնելով, որ նա անձեռնմխելի կթողնի բոլոր քրիստոնեական եկեղեցիները, կմոռանա հին թշնամությունը և այլևս կոզակների զորքին որևէ վնաս չի հասցնի։ Միայն մի զորապետ չհամաձայնվեց այդ դաշինքին։ Այդ մեկը Տարասն էր։ Նա պոկեց իր գլխի մազերից մի փունջ և բղավեց.

«Է՜յ, հեթման զորապետներ, կնիկարմատի այդպիսի գործ մի՛ անեք, մի՛ հավատաք լեհացիներին, կդավաճանեն շան ձագերը»։ Իսկ երբ զորագնդի գրագիրը մատուցեց պայմանները, և հեթմանը դրոշմեց իր հզոր ձեռքով, Տարասն արձակեց իր մեջքից ազնիվ պողպատը, տաճկական թանկագին և առաջնակարգ երկաթե թուրը, կոտրեց մեջտեղից, ինչպես եղեգն և երկու կտոր շպրտեց հեռու և զանազան կողմեր, ասելով. «Դե, մնաք բարով։ Ինչպես չե՛ն միանա իմ թրադաշույնի երկու կտորները և չե՛ն կազմի մի թուր, այնպես էլ մենք, ընկերներ, այս աշխարհում այլևս իրար չենք հանդիպի։ Հիշեցեք ուրեմն իմ հրաժեշտի խոսքը…» (Այս խոսքի վրա նրա ձայնը հզորացավ, ավելի և ավելի բարձրացավ, ընդունեց խորհրդավոր ուժ, և ամենքն այլայլվեցին մարգարեական այդ խոսքերից). «Ձեր մահվան ժամին դուք ինձ կհիշեք։ Դուք գիտեք, թե խաղաղություն և դաշի՞նք եք ձեռք բերել և մտածում եք պաներ դառնալ, դուք պան կդառնաք, բայց