Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսավ երեք նավախել, որ երևացին մացառուտի հետևից, և որքան ուժ ուներ, գոռաց սաստկաձայն, «Դեպի ափը, տղե՜րք, դեպի ափը, իջեք բլուրի տակով, ձախ կողմով իջեք: Ափի մոտ նավակներ են կանգնած, բոլորը տարեք, որպեսզի հետամուտ չլինեն»:

Այս անգամ քամին փչեց մյուս կողմից, և կոզակները լսեցին նրա բոլոր խոսքերը: Բայց այդ խորհրդի համար կացնի կոթով այնպես զարկեցին նրա գլխին, որ աչքերի առաջ ամեն ինչ շաղվեց:

Բլուրի տակով կոզակները շտապ իջան, նրանց թիկունքից՝ հետապնդողները: Կոզակները տեսան, որ ճանապարհը խառնվում, ծռվում է և ունի շատ ավելորդ կեռմաններ: «Է՜, ընկերներ, էլ տեղ չկա»,— ասացին բոլորը, մի ակնթարթ կանգ առան, բարձրացրին մտրակները, շառաչեցին մտրակները, և նրանց թաթարական ձիերը գետնից պոկվելով, օձի պես ձգվեցին օդի մեջ, թռան անդունդի վրայով և շրմփացին ուղիղ Դնեստրի մեջ: Միայն երկու հոգի չհասան մինչև գետը և բարձունքից ընկան քարերի վրա, այնտեղ հավիտյան կորան իրենց ձիերի հետ և նույնիսկ չկարողացան աղաղակ արձակել: Իսկ կոզակները ձիերի հետ լողում էին գետի մեջ և արձակում էին նավակները: Անդունդի եզրին լեհացիները կանգ առան, կոզակների չլսված քաջագործության վրա զարմանալով, կանգ առան և մտածեցին՝ թռչե՞լ, թե ոչ: Մի երիտասարդ զորապետ՝ ժիր և տաքարյուն, որը խեղճ Անդրիին հրապուրող չքնաղ լեհուհու հարազատ եղբայրն էր, երկար չմտածեց և ամբողջ թափով ձիու հետ իրեն նետեց կոզակների հետևից: Օդի մեջ ձիու հետ նա երեք անգամ պտույտ արեց և ուղղակի զարնվեց սրածայր քարերին: Սուր քարերը նրան կտոր-կտոր քրքրեցին, և նա կորավ անդնդում, և նրա ուղեղն արյան հետ խառնվելով ցայտեց անդունդի անհարթ պատերին բուսած թփերի վրա:

Երր Տարաս Բուլբան հարվածից սթափվեց և նայեց Դնեստրին, կոզակներն արդեն նավակների վրա էին և թիավարում էին, վերևից նրանց վրա էին տեղում գնդակները, բայց նրանց չէին հասնում: Եվ ուրախությամբ բոցկլտացին ծերունի ատամանի աչքերը: «Մնաք բարով, ընկերնե՛ր,– վերևից կանչեց նա նրանց,–