հիշեցե՛ք ինձ և եկող գարնանը նորից այստեղ եկեք և մի լավ զվարճացեք: Ի՞նչ, կերա՞ք, անիծված լեհեր։ Մի՞թե կարծում եք, որ աշխարհում մի բան կա, որից վախենա կոզակը: Սպասեք դեռ, ժամանակ կգա, կհասնի այդ ժամանակը, և դուք կիմանաք, թե ինչ ասել է ռուսական ուղղափառ հավատ: Հեռու և մոտիկ ժողովուրդները հիմա էլ զգում են. ռուսական երկրից կբարձրանա նրա թագավորը, և աշխարհում չի լինի ոչ մի ուժ, որ չխոնարհվի նրա առաջ…»:
Իսկ խարույկի բոցն արդեն բարձրանում էր, և կրակը հափշտակում էր նրա ոտքերը, և բոցերով բռնկվում էր ծառը… Բայց մի՞թե աշխարհում կան այնպիսի կրակներ, տառապանք և այնպիսի ուժ, որ հաղթեն ռուսական ուժին:
Փոքր գետ չէ Դնեստրը, և նա շատ գետախորշեր, թանձր եղեգնուտներ, ծանծաղուտներ և խորանդունդ տեղեր ունի, փայլում է գետի հայելին, և հնչում են կարապների աղիողորմ ճիչերը, հպարտ ջրասույզ բադն արագ սլանում է ջրերի վրա, և բազմաթիվ կտցարներ, կարմրաքուջ գետահավեր և ուրիշ այլ թռչուններ ապրում են եղեգնուտներում և գետափին։ Աշխույժ լողում էին կոզակների երկղեկանի նավակները, կոզակները համերաշխ թիավարում էին, զգուշությամբ խույս տալիս ծանծաղուտներից, անհանգստացնելով վեր ճախրող թռչուններին, և զրուցում էին իրենց ատամանի մասին: