Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղի դնել ցանկապատի վրայով: Բայց այս անգամ մեր բուրսակն այնպիսի հաջողությամբ չանցավ ցանկապատը, զարթնած պահակը բավական հարվածեց նրա ոտքերին, իսկ աղմուկի վրա հավաքված սպասավորները նրան թակեցին, այս անգամ փողոցում, մինչև նրա արագավազ ոտքերը կփրկեին տիրոջը։ Այդ օրից հետո շատ վտանգավոր էր անցնել նրա տան մոտով, որովհետև վոևոդի սպասավորները բազմաթիվ էին։ Անդրին նրան մի անգամ էլ հանդիպեց կաթոլիկների եկեղեցում. աղջիկը նրան տեսավ և շատ սիրալիր ժպտաց՝ իբրև հին ծանոթի. նա մի անգամ էլ թեթևակի տեսավ նրան, և դրանից հետո Կովնոյի վոևոդը շուտով հեռացավ, և սևաչյա չնաշխարհիկ լեհ աղջկա փոխարեն պատուհանից նայում էր ինչ-որ մեկի հաստ դեմքը։ Ահա թե Անդրին ինչի մասին էր մտածում, գլուխը խոնարհած և աչքերը հառած ձիու բաշին։

Այնինչ տափաստանը նրանց բոլորին վաղուց էր ընդունել իր կանաչ գիրկը, և բարձր խոտը նրանց շրջապատել ու ծածկել էր, ու միայն կոզակների սև գլխարկներն էին երևում նրա հասկերի միջև։

«Է-հե՜-հե՜յ, ի՞նչ եք այդպես սուս արել, — ասաց վերջապես Բուլբան, սթափվելով իր մտածմունքներից։ – Ասես թե սևագլուխներ եք։ Դե՛, դե, բոլոր մտքերը սատանային տվեք։ Առեք չիբուխներդ, քաշենք, հետո ձիերն ասպանդակենք և այնպես թռչենք, որ թռչունն իր թևով չհասնի մեզ»։

Եվ կոզակները, առաջ կռանալով ձիերի մեջքին, խոտերի մեջ կորան։ Այլևս չէին երևում սև գլխարկները, միայն տրորված խոտի բարակ երիզն էր ցույց տալիս նրանց արագաթռիչք վազքի հետքը։

Արևը վաղուց էր դուրս եկել անամպ երկնքի վրա և իր կենարար ջերմ լույսով ողողել տափաստանը։ Այն ամենը, ինչ որ կոզակների սրտում ազատ էր և թմրած, մի ակնթարթում ցնդեց, նրանց սրտերը թպրտացին թռչունների նման։

Տափաստանը քանի գնում, այնքան գեղեցկանում էր։ Այն ժամանակ ամբողջ հարավը, որ կազմում էր այժմյան Նովոռուսիան, մինչև Սև ծովը կանաչ և կուսական անապատ էր։ Երբեք գութան չէր անցել վայրի բույսերի անսահման ալիքների վրայով։ Միայն ձիերն էին, որոնք պահվում էին խոտերի