Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակին էին տալիս թեթև ու թափանցիկ ամպի քուլաները, և ամենաթարմ ա հրապուրիչ, ինչպես ծովի ալիքները, հովը հազիվ էր օրորում խոտերի կատարները և թեթև հպում այտերին: Ողջ երաժշտությունը, որ հնչում էր ցերեկը, հանդարտվում ու փոխարինվում էր ուրիշով։ Գորշ առնետները ելնում էին իրենց բներից, կանգնում ետևի թաթիկների վրա և տափաստանը լցնում սուլոցով։ Ավելի էր լսվում ճպուռների ճռռոցը։ Երբեմն մի հեռավոր լճից լսվում էր կարապի ճիչը, որ արծաթահնչուն արձագանքում էր օդի մեջ։ Ուղևորները դաշտերի միջին դադար առնելով, ընտրում էին գիշերելու վայր, խարույկ էին վառում և կրակի վրա դնում կաթսան, որի մեջ եփում էին շիլա։ Կաթսայի գոլորշին ծխում էր օդի մեջ։ Ընթրիքից հետո կոզակները պառկում էին քնելու խոտերի մեջ արձակելով ոտքերը բխոված ձիերին։ Նրանք պառկում էին վերարկուների վրա։ Գիշերային աստղերն ուղիղ նրանց էին նայում։ Իրենց ականջով նրանք լսում էին խոտերի մեջ լցված անհամար բզեզների ամբողջ աշխարհը, նրանց ողջ բզզոցը, սուլոցը, ճռռյունը, և այդ ամենը կեսգիշերին հնչեղ արձագանքում էր մաքուր օդի մեջ, զտվում և օրորում էր նրանց թմրող լսողությունը։ Իսկ եթե ուղևորներից մեկնումեկը զարթնում էր և առժամանակ վեր կենում, նա տեսնում էր տափաստանը՝ լուսատու որդերի շողշողուն կայծերով լցված։ Երբեմն գիշերային երկինքը զանազան տեղերում լուսավորվում էր բոցով, որ բարձրանում էր մարգագետինների և գետի չոր եղեգնի հրդեհից, և կարապների մութ շարանը, որ թռչում էր դեպի հյուսիս, հանկարծ լուսավորվում էր արծաթ-վարդագույն լույսով, և այն ժամանակ թվում էր, թե խավար երկնքի տակ թռչում են կարմիր թաշկինակներ։

Ուղևորները գնում էին առանց արկածների։ Ոչ մի տեղ նրանք չէին հանդիպում ծառի, նույն տափաստանն էր՝ անվախճան, ազատ և չքնաղ տափաստանը։ Միայն երբեմն մի կողմի վրա կապույտին էին տալիս կատարները հեռավոր անտառի, որ ձգվում էր Դնեպրի ափերով։ Մի անգամ միայն Տարասը որդիներին ցույց տվեց հեռվի խոտերի մեջ մի սև ու փոքրիկ կետ. ցույց տվեց և ասաց. «Տեսեք, տղերք, հրեն արշավում է թաթարը»։ Փոքրիկ, բեղավոր գլուխը հեռվից ուղիղ նրանց սևեռեց իր նեղլիկ աչքերը, օդը հոտոտեց, ինչպես