Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ ասում, որ ես էլ կպարեի, կպարեի»։ Իսկ մինչ այդ ժողովրդի մեջ հետզհետե երևում էին նաև իրենց արժանիքների համար Սեչում հարգված ալեզարդ ծերունիներ, որոնք ժամանակին մի քանի անգամ ընտրվել էին ավագ։ Տարասը շուտով հանդիպեց բազմաթիվ ծանոթ դեմքերի։ Օստապը և Անդրին լսում էին միայն ողջույններ. «Այդ դո՞ւ ես, Պեչերիցա․․․ Բարև, Կոզոլուպ․․․» — «Այդ որտեղի՞ց այդպես, Տարաս»։ «Քեզ ո՞ր քամին բերեց այստեղ, Դոլոտո»։ «Բարև, Կիրդյուգա։ Բարև, Գուստի։ Իսկի մտքովս կանցնե՞ր, որ քեզ կտեսնեմ, Ռեմեն»։

Եվ դյուցազունները, որոնք հավաքվել էին արևելյան Ռուսիայի զվարճասեր աշխարհից, իրար համբուրում էին և իրարից հարցնում. «Իսկ ո՞ւր է Կասյանը, ո՞նց է Բորոդավկան, Կոլոպերը, ի՞նչ է շինում Պիդսիտոկը»։ Եվ Տարաս Բուլբան միայն պատասխան էր առնում, որ Բորոդովկային Տոլոպանում կախել են, որ Կիզիկիրմենի տակ Կոլոպերի կաշին մաշկել են, որ Պիդսիտոկի գլուխն աղել են տակառի մեջ և ուղարկել մինչև Ցարգրադ: — Գլուխը կախեց ծերունի Բուլբան և մտածկոտ ասաց. «Երևելի կոզակներ էին»։

III

Արդեն մոտ մի շաբաթ էր, որ Տարաս Բուլբան իր որդիների հետ ապրում էր Սեչում։ Օստապը և Անդրին քիչ էին զբաղվում զինվորական կրթությամբ։ Սեչը չէր սիրում զինվորական վարժություններով երկար-բարակ ծանրանալ և ժամանակ կորցնել. այնտեղ երիտասարդները վարժվում և կոփվում էին միայն փորձառությամբ, հենց ռազմի կրակ ու բոցի մեջ, ուստի և կռիվները համարյա անդադար էին։ Իսկ դադարի ընթացքում կոզակները ձանձրալի էին համարում զբաղվել որևէ կարգ ու կանոն ուսանելով, բացի միայն նշան խփելը, երբեմն ձիարշավները և գազանի որսը՝ տափաստաններում և մարգագետիններում։ Մնացած ամբողջ ժամանակը հատկացվում էր քեֆի, որ հատկանիշ է հոգեկան ազատության հզոր թափի։ Ողջ Սեչը ներկայացնում էր մի արտասովոր տեսարան։ Այդ մի տեսակ անվախճան խնջույք էր, մի պարահանդես, որ սկսվել էր աղմուկով և կորցրել էր վախճանը: Ոմանք արհեստով էին զբաղվում, ոմանք կրպակներ