Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ի՞նչ ես ասում, կոշևոյ, ժամանակը չէ՞, որ զապորոժցիները զբոսանքի գնան»։

«Զբոսանքի տեղ չկա», — պատասխանեց կոշևոյը, բերանից հանելով փոքրիկ ծխամորճը և թքելով մի կողմի վրա։

«Ո՞նց թե տեղ չկա․․․ կարելի է գնալ տաճիկների երկիրը կամ Թաթարստանի վրա»։

«Չի կարելի ո՛չ տաճիկների երկիրը և ո՛չ Թաթարստան», – պատասխանեց կոշևոյը և պաղարյուն նորից բերանն առավ ծխամորճը։

«Ոնց թե չի կարելի»։

«Այնպես։ Մենք սուլթանին հաշտություն ենք խոստացել»։

«Ախր նա, անօրեն է. իսկ աստված և սուրբ գիրքը պատվիրում են զարկել անօրեններին»։

«Իրավունք չունենք։ Եթե գոնե չերդվեինք մեր հավատով, գուցե թե կարելի լիներ, իսկ այժմ ո՛չ, չի կարելի»։

«Ո՞նց թե չի կարելի։ Ո՞նց ես դու ասում, թե իրավունք չունենք։ Ես երկու որդի ունեմ, երկուսն էլ ջահել տղամարդիկ են։ Ոչ մեկը և ոչ մյուսը կռվի մեջ չեն եղել, իսկ դու ասում ես իրավունք չունենք, իսկ դու ասում ես զապորոժցիները կռիվ չպիտի անեն»։

«Բայց դե այդպես չի կարելի»։

«Ուրեմն հարկավոր է, որ զուր տեղը կորչի՞ կոզակի ուժը, որ մարդը շան նման սատկի՞, առանց բարի գործի, որպեսզի նրանից որևէ օգուտ չլինի՞ ո՛չ հայրենիքին և ո՛չ էլ համայն քրիստոնեության։ Էլ ինչի՞ համար ենք ապրում մենք, ինչի՞ համար, դու ինձ այդ հասկացրու։ Խելոք մարդ ես, իզուր չեն քեզ կոշևոյ ընտրել, հասկացրո՛ւ ինձ, թե ինչի՞ համար ենք ապրում»։

Կոշևոյն այդ հարցին չպատասխանեց։ Նա համառ կոզակ էր։ Նա մի քիչ լռեց և հետո ասաց.

«Իսկ կռիվ, այնուամենայնիվ, չի լինելու»։

«Ուրեմն կռիվ չի՞ լինելու»,— նորիք հարցրեց Տարասը։

«Չէ՛»։

«Ուրեմն իզո՞ւր է դրա մասին մտածելը»։

«Իզուր է դրա մասին մտածելը»։

«Դե կաց, սատանի եղունգ, — ինքն իրեն ասաց Բուլբան։–Դու դեռ կտեսնես», — և հենց այդտեղից որոշեց, վրեժ առնել կոշևոյից։