Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

անարգանքի սյունին և նրա կողքին դնում էին մի դագանակ, որով յուրաքանչյուր անցնող պարտավոր էր նրան հարվածել, մինչև որ այդպիսով նա շունչը փչեր։ Պարտքը չվճարողին շղթայով կապում էին մի թնդանոթի, և նա այդտեղ պիտի նստեր այնքան, մինչև նրա ընկերներից որևէ մեկը վճարեր նրա փրկության գինը՝ նրա պարտքը։ Բայց Անդրիի վրա ամենից ավելի տպավորվեց այն սոսկալի պատիժը, որ սահմանված էր սպանության համար։ Նրա ներկայությամբ փոս փորեցին, փոսի մեջ կենդանի իջեցրին սպանողին, նրա վրա դրին դագաղը, որի մեջ նրա ձեռքով սպանվածի դիակն էր, և ապա երկուսին էլ ծածկեցին հողով։ Հետո երկար ժամանակ նրա աչքի առաջ էր մահապատժի սոսկալի ծեսը և դեռ պատկերանում էր ահավոր դագաղի հետ միասին կենդանի թաղված մարդը։

Երկու երիտասարդները շատ շուտով մյուս կոզակների մոտ վաստակեցին լավ համբավ։ Հաճախ կուրենի մյուս ընկերների հետ միասին, իսկ երբեմն և ամբողջ կուրենի ու հարևան կուրենների հետ, նրանք դաշտ էին գնում կրակելու տափաստանի բազմատեսակ և անհամար թռչունների վրա, եղջերուների և վայրի այծերի վրա և կամ թե գնում էին դեպի լճերը, գետերն ու վտակները, որ վիճակով բաժանված էին կուրենների միջև, նետում էին ուռկանները և ցանցերը, դուրս էին քաշում լիքն ուռկանները՝ ամբողջ կուրենի պարենավորման համար։ Թեև պետք չէր առանձին վարժություն, որով փորձում են կոզակին, բայց նրանք շիտակ խիզախությամբ և ամեն ինչում հաջողությամբ արդեն աչքի էին ընկել մնացած երիտասարդների միջև։ Ժիր ու շեշտակի խփում էին նշանին, հոսանքին հակառակ կտրում էին Դնեպրը, մի գործ, որի համար նորեկը հանդիսավորությամբ ընդունվում էր կոզակների շարքը։ Սակայն ծերունի Տարասը նրանց համար պատրաստում էր գործունեության ուրիշ ասպարեզ։ Նրա սրտովը չէր այդպիսի պարապ կյանքը։ Նա իսկական գործ էր ուզում։ Նա շարունակ հնարներ էր որոնում Սեչը մղելու մի խիզախ գործի, որպեսզի կարելի լիներ զվարճանալ, ինչպես վայել է ասպետին։ Վերջապես մի օր եկավ կոշևոյի մոտ և նրան կտրուկ ասաց.