Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրագիրը և եսաուլը և պատրաստվեցին հենց այդտեղ էլ վայր դնելու թանաքամանը, զորական կնիքը և ցուպը։

«Ո՛չ, դուք մնացեք, — բղավեցին բազմության միջից․ — մեզ հարկավոր էր միայն կոշևոյին վռնդել, որովհետև նա կնիկ է, իսկ մեզ տղամարդ կոշևոյ է պետք»։

«Հիմա ո՞ւմ պետք է կոշևոյ ընտրեք»,— ասացին ավագները։

«Կուկուբենկոյին ընտրել»,— բղավեց մի մասը։

«Կուկուբենկոյին չենք ուզում,— բղավեց մյուս մասը.— դեռ վաղ է. պռոշների վրա կաթը դեռ չի չորացել»։

«Թող Շիլոն ատաման դառնա,— բղավեցին մի քանիսը. — Շիլոյին կոշևոյ ընտրել»։

«Մախաթը մեջքդ,— լուտանքներով աղմկեց ամբոխը։— Շան որդին էլ ի՞նչ կոզակ է, որ գողություն է արել, ինչպես թաթարը։ Գրողի ծոցը թող գնա հարբեցող Շիլոն»։

«Մորուքին, Մորուքին դնենք կոշևոյ»։

«Մորուքին չենք ուզում, գրողի բաժին դառնա Մորուքը»։

«Գռռացեք Կիրդյագային»,— փսփսաց Տարաս Բուլբան մի քանիսին։

«Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն,— բղավեց ամբոխը։— Մորուքի՜ն, Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն։ Շիլոյի՜ն․․․ Կորչի՛ Շիլոն։ Կիրդյագայի՜ն»։

Բոլոր թեկնածուները, լսելով իրենց անունները, իսկույն ևեթ դուրս եկան բազմության միջից, որպեսզի որևէ առիթ չտան կարծելու, թե իրենց անձնական մասնակցությամբ նրանք նպաստել են իրենց ընտրությանը։

«Կիրդյագայի՜ն, Կիրդյագայի՜ն,— հնչեց մյուսներից ավելի բարձր։— Մորուքի՜ն»։ Բանը հասավ բռնցքակռվի, և Կիրդյագան հաղթեց։

«Գնացեք Կիրդյագային բերեք»,— բղավեցին։ Բազմության միջից իսկույն դուրս եկան մի տասնյակ կոզակներ, նրանցից մի քանիսը հազիվ էին կարողանում ոտքերի վրա կանգնել այն աստիճան արդեն հարբել էին, և գնացին ուղիղ Կիրդյագային հայտնելու նրա ընտրության մասին։