Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիրդյագան, որ թեև ծերացած, բայց խելոք կոզակ էր, վաղուց նստել էր իր կուրենում և կարծես թե եղելությունից տեղյակ չէր:

«Ի՞նչ կա, պաներ, ի՞նչ է պետք ձեզ», — հարցրեց նա:

«Արի՛, քեզ կոշևոյ են ընտրել»:

«Ողորմացեք, պաներ, — ասաց Կիրդյագան. — ես ինչպե՞ս կարող եմ արժանի դառնալ այդ բարձր պատվին, ո՞նց կարող եմ կոշևոյ լինել: Ես այդքան խելք չունեմ՝ այդպիսի պարտականություն կատարելու: Ի՞նչ է, ամբողջ զորքի մեջ ավելի լավը չգտա՞ք»:

«Դե գնանք, քեզ ասում են», — բղավեցին զապորոժցիները: Նրանցից երկու հոգի մտան նրա թևերի տակ, և ինչքան էլ նա դիմադրում էր ոտքերով, նրան ի վերջո քաշեցին հրապարակ, հայհոյելով, հետևից հրելով բռունցքներով, քացի տալով և խրատելով: «Մի՛ հակառակի, սատանի փայ, ընդունիր պատիվը, երբ քեզ տալիս են, շո՛ւն»: Այդ եղանակով Կիրդյագային մտցրին կոզակների շրջանը:

«Է՜յ, պաներ, — ամբողջ բազմության մեջ բացականչեցին նրան ուղեկցող կոզակները: — Համաձա՞յն եք, որ այս կոզակը մեզ կոշևոյ լինի»:

«Բոլորս համաձայն ենք», — գոռաց ամբոխը, և այդ գոռոցից երկար ժամանակ թնդում էր ամբողջ դաշտը: Ավագներից մեկը վերցրեց գավազանը և մատուցեց նորընտիր կոշևոյին: Կիրդյագան, ըստ սովորության, իսկույն ևեթ հրաժարվեց: Ավագը մատուցեց երկրորդ անգամ: Կիրդյագան հրաժարվեց և երկրորդ անգամ, և ապա երրորդ անգամին վերցրեց գավազանը: Հնչեց բազմության խրախուսիչ աղմուկը, և կոզակների աղմուկը նորից արձագանքեց ամբողջ դաշտում: Ապա ժողովրդի միջից դուրս եկան չորս սպիտակամորուս և ալեհեր կոզակներ (Սեչում չկային ավելի ծեր կոզակներ, քանի որ զապորոժցիներից ոչ մեկն իր մահով չէր մեռնում), և նրանցից յուրաքանչյուրը ձեռքով վերցրեց հողը, որ անձրևից ցեխ էր դառել, և դրեց նրա գլխի վրա: Թաց հողը վայր հոսեց նրա գլխի վրայից, հոսեց այտերի և բեղերի վրայով և ամբողջ երեսը ցեխոտեց: Իսկ Կիրդյագան անշարժ կանգնել էր և կոզակներին գոհություն էր հայտնում ցույց տված պատվի համար: Այսպիսով վերջացավ աղմկոտ