ձիերի տեղ լծեն։ Ո՞նց թե։ Ռուս հողի վրա թույլ տալ այդպիսի տանջանքներ նզովյալ անհավատներից, որպեսզի զորքի պետերի և հեթմանի հետ այդպե՞ս վարվեն։ Այդ բանը չպիտի լինի, չի լինի»։ Ամեն կողմից թռան այդպիսի խոսքեր։ Զապորոժցիներն աղմկեցին և զգացին իրենց զորությունը։ Այդ արդեն թեթևամիտ բազմության հուզումը չէր. հուզվել էին ծանր ու հզոր բնավորության տեր մարդիկ, որոնք դանդաղ էին շիկանում, բայց շիկանալով, երկար ժամանակ և համառ պահում էին ներքին բոցը։ «Կախե՛լ բոլոր ջհուդներին, — լսվեց բազմության միջից։ – Թող քահանաների շուրջառներից իրենց կանանց համար դեյրա չկարեն, թող սրբազան պայքարի վրա նշան չդնեն։ Դնեպրի մեջ խեղդել բոլոր այդ գարշելիներին։ Այդ բառերը, որ բազմության միջից արտասանեց ինչ-որ մեկը, կայծակի նման տարածվեցին, և բազմությունը ծառս ելավ արվարձանի վրա՝ բոլոր ջհուդներին մորթելու ցանկությամբ։
Իսրայելի խեղճ զավակները, կորցնելով իրենց առանց այն էլ փոքր ոգու ամբողջ քաջությունը, թաքնվեցին օղու դատարկ տակառների մեջ, վառարաններում և նույնիսկ պահ մտան իրենց կանանց դեյրաների տակ։ Բայց կոզակներն ամենուրեք գտնում էին նրանց։
«Պայծառափայլ պաներ, — բղավեց մի բարձրահասակ և փայտի նման երկար ջհուդ, որ իր ընկերների խմբի միջից դուրս էր ցցել վախից այլակերպված և ողորմելի մռութը։ Պայծառափայլ պաներ, մեզ մի խոսք տվեք ասելու, մի խոսք միայն. մենք ձեզ այնպիսի բան կասենք, որ երբեք չեք լսել, այնքան կարևոր բան, որ չի կարելի ասել, թե ինչքան կարևոր»։
«Լա՛վ, թող ասեն», – ասաց Բուլբան, որը միշտ սիրում էր մեղադրյալին լսել։
«Պայծառ պաներ, — ասաց ջհուդը, — Այդպիսի պաներ աշխարհի երեսին դեռ չեն եղել, աստված վկա, երբեք չեն եղել։ Այդքան բարեսիրտ, լավ և քաջ պաներ երբեք չեն եղել…»։ Նրա ձայնը վախից դողդողաց ու նվաղեց։ «Մի՞թե կարելի է, որ մենք զապորոժցիների մասին որևէ վատ բան մտածենք։ Նրանք ամենևին մերոնք չեն, նրանք, որոնք Ուկրաինայում վարձակալներ են… Աստված վկա, մերոնք չեն․ նրանք