Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկի ջհուդներ էլ չեն, սատանան գիտի, թե ովքեր են նրանք: Նրանք այնպիսի բան են, որ վրան թքես ու թողնես։ Ահա սրանք էլ նույնը կասեն։ Ճշմարիտ չէ՞, Շլեմա և կամ դու, Շմո՛ւլ»։

«Աստված վկա, ճշմարիտ է», — ամբոխի միջից պատասխանեցին Շլեման և Շմուլը՝ քրքրված թասակները գլխներին, երկուսն էլ գաջի պես սփրթնած։

«Մենք ոչ մի անգամ, — շարունակեց երկարահասակ ջհուդը, — թշնամիների հետ կապ չենք ունեցել։ Իսկ կաթոլիկներին չենք էլ ուզում ճանաչել, գրողը տանի նրանց։ Մենք զապորոժցիների հետ հարազատ եղբոր պես ենք…»։

«Ո՞նց թե… Ուրեմն զապորոժցիները ձեր եղբայրնե՞րն են,— արտասանեց բազմության միջից մեկը։ — Այդ չեք տեսնի, նզովյալ ջհուդներ։ Պան զապորոժցիներ, շպրտենք սրանց Դնեպրի մեջ, խեղդենք այս բոլոր գարշելիներին»։

Այդ բառերն ազդանշան եղան։ Ջհուդներին ձեռքե-ձեռք բռնոտեցին և սկսեցին նետել գետի ալիքների մեջ. չորս կողմից բարձրացավ աղերսի ճիչը։ Բայց դաժան զապորոժցիները միայն ծիծաղում էին, տեսնելով, թե ինչպես ջհուդների մաշիկ և գուլպա հագած ոտքերը թպրտում էին օդի մեջ։ Թշվառ հռետորը, որ ինքն իր բերանով գլխին փորձանք բերեց, դուրս պրծավ երկար բաճկոնի միջից, որի փեշերից քաշում էին, և մի խայտաբղետ, նեղ ու կարճ վերնազգեստ հագին՝ փաթաթվեց Բուլբայի ոտքերին և խղճալի ձայնով աղերսեց.

«Հզոր տեր, պայծառափայլ պան, ես ճանաչում էի և ձեր եղբորը, հանգուցյալ Դորոշին։ Նա մի ռազմիկ էր, որ զարդն էր ամբողջ ասպետության։ Ես նրան ութ հարյուր ցեխին եմ տվել, երր հարկավոր էր նրան ազատել տաճիկների գերությունից»։

«Դու ճանաչո՞ւմ էիր իմ եղբորը,– հարցրեց Տարասը։

«Աստված վկա, ճանաչում էի. մեծահոգի պան էր»։

«Իսկ քո անունը ի՞նչ է»։

«Ցանկել»։

«Լավ, — ասաց Տարասը, և ապա, մի քիչ մտածելուց հետո դարձավ կոզակներին և այսպես ասաց. — ժամանակ շատ կա ջհուդին կախելու՝ եթե պետք չինի, իսկ այսօր սրան ինձ