Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեք»: Այս ասելով, Տարասը նրան տարավ դեպի իր գամակը, որի մոտ կանգնել էին կոզակները։ «Դե մտիր սայլի տակ, պառկիր այնտեղ և մի՛ շարժվիր, իսկ դուք, տղերք, ջհուդին բաց չթողնեք»։

Ապա նա գնաց հրապարակը, որովհետև այնտեղ վաղուց արդեն հավաքվել էր բազմությունը։ Բոլորն իսկույն ևեթ թողին նավակների սարքավորումը և հեռացան գետափից, որովհետև այժմ նրանք ելնելու էին ցամաքային արշավանքի և ոչ ծովային, և հարկավոր էին սայլակներ ու ձիեր՝ նավերի ու կոզակների թեթև նավակների փոխարեն: Այժմ արդեն բոլորն էին կամենում արշավել, ծերերը և երիտասարդները. բոլորը՝ համաձայն ավագների, կուրենների ատամանների և կոշևոյի խորհրդի, ինչպես և զապորոժյան ամբողջ զորքի ցանկությամբ վճռեցին արշավել Լեհաստանի վրա, վրեժ առնելու ամեն չարագործության, հավատի և կոզակի պատվի այպանման համար, քաղաքներից ավար առնելու, հրդեհելու գյուղերը և դաշտերը, և տափաստանի վրա լայն սփռելու հերոսության փառքը։ Բոլորը հենց տեղնուտեղը սպառազինվեցին։ Կոշևոյի հասակն ավելի բարձրացավ։ Նա արդեն ազատասեր բազմության քմահաճ ցանկությունների հլու կատարածուն չէր։ Նա միահեծան հրամանատար էր, մի դաժան բռնակալ, որ միայն հրամայել գիտեր։ Ինքնահաճ և զվարճասեր բոլոր կոզակները գեղակազմ կանգնել էին շարքի, հնազանդ խոնարհել գլուխները, չհամարձակվելով աչք բարձրացնել, մինչև չհնչեր կոշևոյի հրամանը, իսկ նա հրամայում էր հանդարտ, առանց աղմկելու, առանց շտապելու, և ընդհատումներով, ինչպես հին և շատ փորձառու կոզակ, որ առաջին անգամը չէ ի կատար ածում խելացի մտածված գործը։

«Ուշի-ուշով նայեք, ամեն բանի ուշադիր եղեք, — այսպես ասաց նա։ — Սարքի բերեք սայլակները և ձյութամանները, փորձեք զենքերը։ Շատ շոր չառնեք ձեզ հետ. մի-մի շապիկ և երկու շալվար, մի թաղար խավիծ և բոված կորեկ, իսկ ավելին ոչ ոք թող չվերցնի։ Սայլերն իրենց հետ պաշար կառնեն, որքան հարկավոր է։ Ամեն կոզակ պիտի ունենա երկու ձի։ Վերցնել երկու հարյուր լուծ եզ, որովհետև գետանցում և ճմոտ տեղերում եզները հարկավոր են։ Իսկ ամենից ավելի