պատասխանեց կոշևոյը, — որ չվախենա ոչ մի բանից. կոզակները սրանով դեռ նոր են վառում և ծխում իրենց չիբուխները»։
Եվ շուտով ամեն ինչ խորտակող բոցը կլանեց փառահեղ վանքը, և նրա գոթական վիթխարի պատուհանները մռայլ նայեցին հրե ալիքների միջից։ Վանականների, ջհուդների և կանանց սարսափահար խմբերը հանկարծ թափվեցին այն քաղաքները, որտեղ պահակազորի և քաղաքային ամրությունների վրա հույսի թեթև նշույլ կար։ Կառավարության կողմից ժամանակ առ ժամանակ ուղարկվող փոքրաթիվ զորագնդերի ուշացած օգնությունը կամ չէր հանդիպում զապորոժցիներին և կամ խեղճանում էր առաջին հանդիպումից դարձնում էր թիկունքն ու ետ սլանում արագավազ ձիերով։ Պատահում էր, որ թագավորական շատ զորապետներ, որոնք հռչակվել էին նախնի պատերազմներում, վճռում էին, իրենց ուժերը միացնելով, պատվար կանգնել զապորոժցիների դեմ։ Երիտասարդ կոզակները հենց նրանց վրա էին փորձում իրենց ուժը, քանի որ երիտասարդները խուսափում էին կողոպուտից, շահամոլությունից ու թույլ թշնամուց և վառվում էին ծերերի առաջ իրենց ցույց տալու ցանկությամբ, դեմառդեմ չափվելով ժիր ու պարծենկոտ լեհացու հետ, որը հպարտ նժույգի վրա սլանում էր քամու հետ, տառատոկի թևերն արձակած։ Զվարճալի զբաղմունք էր. նրանք արդեն կռվում ձեռք էին բերել ձիասարք, թանկագին թրեր ու զենքեր։ Դեռ նոր թևավորված ձագերը մի ամսում առնականացան և բոլորովին վերածնվեցին, տղամարդ դարձան։ Նրանց դիմագծերը, որոնց վրա մինչ այդ կար պատանեկան ինչ-որ քնքշություն, ամրացան ու դարձան ահեղ։ Իսկ ծերունի Տարասը հրճվանքով էր նայում իր երկու զավակներին, որոնք առաջիններից էին։ Կարծես Օստապի ճակատին ի ծնե գրված էր ռազմի ուղին և պատերազմական գործեր մղելու դժվարին ուսմունքը։ Նա, ոչ մի անգամ իրեն չկորցնելով և ոչ մի պատահարից չշփոթվելով, սառնարյունությամբ, որ համարյա անբնական էր քսան-քսաներկու տարեկան երիտասարդի համար, մի ակնթարթում կարողանում էր չափել ամբողջ վտանգը և իրերի դրությունը, տեղնուտեղը գտնելով վտանգից խուսափելու միջոցը. սակայն խուսափել այնպես, որ հետո ավելի աներկբա հաղթահարի