Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտանգը։ Նրա շարժումներն աչքի էին ընկնում արդեն փորձառու վճռականությամբ, և չէր կարելի չնկատել ապագա առաջնորդի հակումները։ Ամրակուռ էր նրա մարմինը, և նրա ասպետական հատկություններն արդեն վաստակել էին առյուծի հատկությունների հզոր ուժը:

«Օ՜, Ժամանակով նա քաջարի զորավար կլինի, — ասում էր ծերունի Տարասը. — ճիշտ որ քաջարի զորավար և այն էլ այնպիսին, որ կտա, հորից կանցնի»։

Անդրին ողջ էությամբ խորասուզվել էր գնդակների և թրերի գրավիչ երաժշտության մեջ. նա չգիտեր, թե ինչ ասել է վաղօրոք մտածել ու հաշվել և կամ թե չափել իր և օտարի ուժերը։ Նա պատերազմի մեջ տեսնում էր ամեհի գրգանք և արբեցում։ Նրա աչքերին խրախճանային մի բան էր երևում այն րոպեներին, երբ բորբոքվում է մարդու գլուխը. աչքերի առաջ ամեն ինչ փայլատակում ու խառնվում է, թռչում են գլուխներ, դղրդոցով գետին են գլորվում ձիերը, իսկ ինքը սլանում է հարբած՝ գնդակների սուլոցի տակ և թրի փայլով հարվածում է ամենքին ու չի զգում զարկերը։ Շատ անգամ էր հայրը զարմանում, տեսնելով, թե ինչպես Անդրին, դրդված միայն դյուրաբորբոք կրքից, թափով արշավում էր նրա դեմ, որի դեմ երբեք չէր համարձակվի պաղարյուն և խելացի կոզակը, և սոսկ իր հախուռն գրոհով կատարում էր այնպիսի հրաշքներ, որոնք զարմացնում էին պատերազմի բովում եփված ծերունիներին։ Զարմանում էր ծերունի Տարասը և ասում.

«Սա էլ քաջ է, թշնամին չտանի այս կտրիճին… Օստապին չի հասնի, բայց էլի քաջ է, քաջ կտրիճ»։

Զորքը որոշեց հարձակվել ուղղակի Դուբնո քաղաքի վրա, որտեղ, ըստ լուրերի, շատ գանձեր կային և հարուստ բնակիչներ։ Մեկ և կես օրում երթը վերջացավ, և զապորոժցիները երևացին քաղաքի առաջ։ Բնակիչները որոշեցին պաշտպանվել մինչև վերջին ուժերը և հնարավորությունները ու գերադասեցին մեռնել իրենց շեմքերի առաջ՝ փողոցներում և հրապարակներում, քան թշնամուն ներս թողնել։ Քաղաքը շրջապատված էր հողե բարձր պատնեշով. որտեղ պատնեշը ցածր էր, բարձրանում էր քարե պատ կամ տուն, որ մարտկոցի դեր էր խաղում և կամ, վերջապես, կաղնե փայտից ցանկապատը։ Պահակազորն ուժեղ էր և զգում էր իր գործի կարևորությունը: