վրա պտույտներ էին գործում թռչունները, որոնք կրակե դաշտում նման էին մութ ու մանր խաչերի խմբի։ Թվում էր, թե շրջապատված քաղաքը քնել է. նրա բարձր գմբեթները, կտուրները, ցանկապատն ու պարիսպները մարմանդ ցոլացնում էին հեռավոր հրդեհների բոցը։ Անդրին անցավ կոզակների շարքերի միջով։ Խարույկները, որոնց մոտ նստել էին պահակները, ամեն ակնթարթ կարող էին հանգչել և իրենք՝ պահակներն էլ քնել էին, կոզակի ողջ ախորժակով խավիծն ուտելուց հետո։ Նա զարմացավ այդ անհոգության վրա և մտածեց. «Լավ է, որ մոտերքում զորավոր թշնամի չկա և ոչ ոքից վախ չկա»։ Վերջապես ինքն էլ մոտեցավ սայլերից մեկին, ելավ սայլի վրա և պառկեց, ձեռքերը ծալելով գլխի տակ. բայց չկարողացավ քնել և երկար ժամանակ նայում էր երկնքին, որ բացվում էր նրա առաջ։ Օդը մաքուր ու թափանցիկ էր, խիտ աստղերը, որոնք կազմում էին Հարդագողի ճանապարհը և գոտի էին կապել երկնքով, ամբողջովին ողողված էին լույսով։ Ժամանակ առ ժամանակ նա կարծես ընկնում էր մոռացության մեջ, և նիրհի մի թեթև ամպ նրա աչքերի մի ակնթարթ պատում էր երկինքը, ապա նորից պարզվում էր այն և դարձյալ ջինջ ցոլանում։ Այն ժամանակ նրան թվաց, թե մարդկային մի տարօրինակ կերպարանք ցոլաց նրա առաջ։ Մտածելով, որ այդ քնի պարզ պատրանք է, որ հիմա կչքանա, նա աչքերն ավելի մեծ բացեց և տեսավ, որ իրոք իր վրա է թեքվել մի սմքած ու չորացած դեմք և ուղիղ նայում է իր աչքերին։ Երկար և ածուխի նման սևաթույր մազերը անխնամ ու խռիվ դուրս էին թափվել գլխի վրա գցած սև քողի տակից։ Ե՛վ աչքերի տարօրինակ փայլը, և՛ սևությունը մեռելային դեմքի, որ ուներ խիստ դիմագծեր, ավելի շուտ ստիպում էին մտածել, որ նա մի ուրվական է։ Անդրին ակամայից ձեռքը մեկնեց հրազենին և համարյա դողալով արտասանեց.
«Ո՞վ ես դու։ Եթե չար ոգի ես, կորի՛ր իմ աչքից, եթե կենդանի մարդ ես՝ անժամանակ ես կատակ անում, մի զարկով կսպանեմ»։
Ի պատասխան այդ խոսքերի, ուրվականը մատը դրեց շրթունքներին և կարծես թախանձում էր, որ նա լուռ մնա: Անդրին ձեռքը կախեց և սկսեց ավելի ուշադիր դիտել։ Նա երկար