Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրին քարացավ:

«Քաղաքի պատնեշի վրայից պաննան տեսավ քեզ զապորոժցիների հետ։ Նա ինձ ասաց. «Գնա՛, ասա ասպետին, եթե նա ինձ հիշում է, թող ինձ մոտ գա. իսկ եթե չի հիշում, թող մի կտոր հաց տա իմ պառավ մորը, որովհետև ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես մայրս պիտի մեռնի իմ աչքերի առաջ: Լավ է առաջ ե՛ս մեռնեմ, իսկ նա ինձնից հետո։ Խնդրիր և ընկիր նրա ծնկներն ու ոտքերը։ Նա էլ պառավ մայր ունի՝ թող ի սեր նրա հաց ուղարկի»»։

Կոզակի երիտասարդ սրտում բռնկվեցին ու զարթնեցին բազմապիսի զգացմունքներ։

«Բայց դու ինչպե՞ս ես ընկել այստեղ։ Ինչպե՞ս եկար»:

«Գետնի տակի անցքով»։

«Մի՞թե գետնի տակ անցք կա»։

«Կա՛»։

«Ո՞րտեղ է»։

«Չե՞ս մատնի, ասպետ»։

«Երդվում եմ սուրբ խաչով»։

«Եթե իջնես սելավի քարուտը, անցնես ջուրը, այնտեղ է, ուր եղեգնուտն է»։

«Եվ ուղիղ տանում է քաղա՞ք»։

«Ուղիղ դեպի քաղաքի վանքը»։

«Գնա՛նք, հենց հիմա գնանք»։

«Բայց, ի սեր Քրիստոսի և սուրբ Մարիամի, մի կտոր հաց»։

«Լա՛վ, կտանենք։ Սպասիր սայլի մոտ, բայց ավելի լավ է պառկիր սայլի մեջ. քեզ ոչ ոք չի տեսնի, բոլորը քնած են: Ես իսկույն կվերադառնամ»։

Եվ նա գնաց դեպի այն սայլերը, որոնց մեջ ամբողջ կուրենի պաշարն էր։ Նրա սիրտը տրոփում էր։ Ողջ անցյալը. այն ամենը, ինչ ծածկել ու խլացրել էին կոզակային ճամբարը, ռազմի դաժան կյանքը, այդ ամենը միանգամից երես ելավ և իր հերթին խոր սուզեց ներկան։ Ինչպես ծովի խորունկ ու խավար խորքից, նորից լողալով դուրս ելավ այն չքնաղ կինը, նրա հիշողության մեջ նորից շողացին նրա գեղեցիկ ձեռքերը, աչքերը, ժպտացող շրթունքները, ընկույզի գույնի թուխ վարսերը, որի գանգուր խուրձերը թափվում էին կրծքի